Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Ծնունդը թիվ 104 դպրոցի սաների ներկայացմամբ |
Մոտեցող Սուրբ Ծննդյան սքանչելի տոնի կապակցությամբ Թբիլիսիի թիվ 104 հանրային դպրոցի (տնօրեն՝ Իրինա Ժամկոչյան) առաջինից հինգերորդ դասարանների աշակերտների ուժերով, դպրոցի գրադարանավարուհի Հասմիկ Անտոնյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց Հիսուս Քրիստոսի ծնունդը ներկայացումը: Մասնակից խումբը մանրակրկիտ պատրաստվեց և սիրով այն ներկայացրեց դպրոցական միջոցառման ժամանակ, որին ներկա էին նաև Սբ. Էջմիածին եկեղեցու քահանա Տեր Մանուկ Զեյնալյանը և Վիրահայոց թեմի կրթական բաժնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանը: Նկատելի էր նախաձեռնողի կատարած մեծ աշխատանքը , քանզի երեխաներին հասկանալի և սրտամոտ էր յուրաքանչյուր բառի և դրվագի իմաստը: Դպրոցականները ելույթներին ավելացնելով նաև իրենց հոգու սերն ու ջերմությունը, հանդիսատեսին, դպրոցի տնօրինությանը, ուսուցիչներին, ծնողներին և հյուրերին, հաղորդակից դարձրին մեր Տեր Հիսուս Քրիստոսի ծննդյան ավետիսին: Տպավորված դպրոցականների գեղեցիկ խաղից, Տեր Մանուկ քահանա Զեյնալյանի առաջարկությամբ որոշվեց ներկայացումը ցուցադրել նաև Սուրբ Էջմիածին եկեղեցում, Սուրբ Պատարագից հետո: Եվ ահա դեկտեմբերի 29-ին, կիրակնօրյա Սուրբ Պատարագից հետո, Սբ. Էջմիածին եկեղեցում թիվ 104 հանրային դպրոցի սաները վերստին ներկայացրեցին Հիսուսի ծնունդը՝ գեղեցիկ դերակատարմամբ, սահուն արտասանությամբ և ներկայացմանը համապատասխան հագուստով և արժանացան ներկաների քաջալերանքին և բարձր գնահատականին: Միջոցառմանը ներկա թիվ 104 հանրային դպրոցի տնօրեն Իրինա Ժամկոչյանի, ուսուցիչների, ծնողների և մյուս հավատացյալների գալիք Ամանորը և Սուրբ Ծնունդը շնորհավորեցին և բարեմաղթանքներ հղեցին Տեր Սամվել քահանա Թորոսյանը և Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը:
|