1

fb you od

«Արդիականը և ավանդականը» խորագրով ցուցահանդես Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում PDF Տպել Էլ.փոստ

ardiakan

Մարտի 27-ին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում բացվեց ՀՀ ժողովրդական վարպետ Կարինե Սահակյանի «Ավանդականը և արդիականը» խորագրով անհատական ցուցահանդեսը: Ցուցասրահում տեղ էին գտել Կարինե Սահակյանի հարուստ երևակայությամբ, ձեռքերի հմուտ վարպետությամբ և հոգեբանի խորաթափանց մոտեցմամբ ստեղծված հրաշալի աշխատանքները:

Ցուցահանդեսի պաշտոնական բացմանը հրավիրված հյուրերին, որոնց շրջանում էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը, Վրաստանի նախագահի ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդական Սոփիո Շամանիդին, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, «Հայարտուն» կենտրոնի մուտքի մոտ դիմավորում էին թիֆլիսյան ավանդական կինտոները «Էստի համեցեք» հրավերով:

Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայպետդրամայի թատրոնի հետ համագործակցությամբ Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի կազմակերպած միջոցառման նպատակն էր ավանդականը շաղկապելով արդիականի հետ ցույց տալ երկու դարավոր բարեկամ ժողովուրդների մշակույթների զարգացումը:

Կարինե Սահակյանի հետաքրքրությունների ոլորտը ժողովրդական վարպետության մեջ է, մասնավորապես թաղիքից պատրաստած իրերը: Բոլոր ելույթ ունեցողները բարձր գնահատեցին հայկական մշակույթի և վրացական մշակույթի զարգացման ուղուն նվիրված ցուցանմուշները, իսկ թատրոնի և կենտրոնի նրբագեղ աղջիկները ներկայացրեցին թաղիքից պատրաստած այն հագուսստները, որոնք Կարինե Սահակյանի ձեռքի վարպետության արդյունք էին: Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Հովհաննես Մանուկյանը , ողջունելով Կարինե Սահակյանի հերթական անհատական ցուցահանդեսը, նրան փոխանցեց հայ և վրացի ժողովուրդների մշակույթների մերձեցման գործում ունեցած ներդրման համար ՀՀ Սփյուռքի նախարարության շնորհակալագիրը: Հայկական ազգային տարազով զուգված Կարինե Սահակյանը ներկաներին շնորհակալություն հայտնեց իր մատների վարպետությունը բարձր գնահատելու համար:

Ցուցահանդեսի բացումը ուղեկցվեց հայկական և վրացական երգերի և պարերի կատարումներով:

IMGP3104 IMGP3191 IMGP3234 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)