Քեսաբահայերի աջակցության գործողություն Թբիլիսիում |
Ապրիլի 6-ին, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում կատարվեց հոգեհանգստի արարողություն Սիրիայի պատերազմում զոհվածների հոգու խաղաղության համար: Սգո արարողությանը ներկա էր Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Այնուհետև Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կենտրոնի, «Վրաստանի Հայ Համայնքի», «Թբիլիսիի Հայերի Վեհաժողովի» նախաձեռնությամբ, հայերից կազմված խումբը՝ հոգևոր հայր Տեր Մանուկ քահանա Զեյնալյանի ուղեկցությամբ, եկեղեցուց տեղափոխվեց Վրաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչության շենքի մոտ: Բողոքի ցույցի մասնակիցները՝ Վրաստանի և ՀՀ պետական դրոշներով և պաստառներով զինված, պահանջեցին դադարեցնել Սիրիայում խաղաղ բնակչության դեմ ուղղված բռնությունները և պատասխանատվության ենթարկել Թուրքիային՝ քաղաք Քեսաբի և հարակից շրջանների վրա հարձակված ահաբեկչական խմբավորումներին աջակցություն ցուցաբերելու համար: Ցույցի մասնակիցները, շարունակելով բողոքի գործողությունը, քաղաքի կենտրոնական Ճավճավաձե մայրուղով, քայլերթով հասան Թուրքիայի դեսպանատուն: Նրանց ձեռքերում էին «Պահպանենք Քեսաբը», «Դադարեցրեք հանցագործ գործողությունները Քեսաբի դեմ» տարբեր լեզուներով պաստառներ, ինչպես նաև հանրության կողմից հնչեց «Թուրքիա, հրաժարվիր հայերի ցեղասպանական քաղաքականությունից» պահանջը: Ընդհանուր առմամբ,անցկացված ցույցին մասնակցում էր ավելի քան 250 մարդ: Հիշեցնենք, որ մարտի 21-ի վաղ առավոտյան սիրիական ընդդիմության ահաբեկչական խմբավորման ջոկատները Թուրքիայի տարածքից լայնածավալ հարձակում գործեցին հայաբնակ Քեսաբի վրա: Վիրահայոց թեմի մամլո դիվան Ներկայացնում ենք ՄԱԿ-ին ուղղված դիմումը՝ ստորագրված Վրաստանի հայկական հասարակական կազմակերպությունների կողմից.
ՄԱԿ-ի Գլխավոր Քարտուղար պարոն Պան Գի Մունին
Պարոն Պան Գի Մուն, Ահա արդեն չորրորդ տարին է, ինչ Սիրիայի Արաբական Հանրապետությունում չեն դադարեցվում ռազմական գործողությունները` տարբեր տվյալների համաձայն` խլելով 100.000 կյանք, այդ թվում նաև այդ պետության խաղաղ բնակիչների: Սիրիական ճգնաժամի սկզբում սկսեցին տարածվել տեղեկություններ այն մասին, որ երկրի կառավարությանը Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներից բացի ընդդիմություն են ցուցաբերում նաև արտասահմանյան պետությունների քաղաքացիներ` ծայրահեղականության տարբեր մակարդակի իսլամիստական ռազմականացված խմբավորումներից կազմված, այդ թվում նաև այնպիսիներից, որոնք ՄԱԿ-ի անդամ-երկրների մեծամասնության կողմից ճանաչված են որպես ահաբեկչական կազմակերպություններ: 2014թ.-ի մարտի 21-ին տարբեր ահաբեկչական խմբավորումների կողմից հարձակում է կատարվել Սիրիայի քաղաք Քեսաբի և նրա հարակից շրջանների վրա: Խաղաղ քաղաք Քեսաբի վրա հարձակման արդյունքում նրա բնակիչները` 2000-ից ավել խաղաղ քրիստոնյա բնակիչ, որոնց մեծամասնությունը ազգությամբ հայ Սիրիայի քաղաքացիներ են, ստիպված են եղել լքել իրենց տները, թողնել տասնամյակների ընթացքում իրենց կուտակած ունեցվածքն ու փրկություն փնտրել Սիրիայի այլ բնակելի վայրերում: Զինված իսլամիստական ահաբեկիչների կողմից քաղաք Քեսաբի գրավումից հետո վերոնշյալները բազմաթիվ բարբարոսական գործողություններ են կատարել` քանդել և կողոպտել են քիրստոնեական կրոնական շենքեր և հաստատություններ, քաղաքացիական և մասնավոր շինություններ (դպրոցներ, հիվանդանոցներ, առևտրի կենտրոններ և այլն): Կարևոր ենք համարում հիշեցնել Ձեզ, որ Քեսաբ քաղաքի բնակիչները եթարկվել են հետապնդման և կոտորածի 1909թ.-ին թուրքական իշխանությունների կողմից, իսկ 1915-23թթ. թուրքական պետության կողմից հայերի հանդեպ իրականացված Ցեղասպանության ընթացքում, սպանվել է հայաբնակ Քեսաբի ավելի քան 5000 բնակիչ: Զայրույթ է առաջացնում այն փաստը, որ զինված ահաբեկիչների հարձակումը Քեսաբ քաղաքի վրա կատարվել է թուրք-սիրիական սահմանի կողմից: Այն փաստը, որ Թուրքիան թույլ է տվել զինված ահաբեկիչներին անարգելք հատել պետական սահմանը Սիրիայի հետ, ինչպես նաև տարածված, այդ թվում նաև ծայրահեղական իսլամիստական կազմակերպությունների կողմից տարածված բազմաթիվ նյութեր վկայում են, որ թուրքական հանրապետությունը խաղաղ քաղաք Քեսաբի վրա հարձակված ահաբեկիչներին ամեն տեսակի աջակցություն է ցուցաբերել: Հիմնվելով ԶԼՄ-ներում տարածված թուրքական հանրապետության գերագույն կառավարության գաղտնի բանակցությունների ձայնագրությունների, ինչպես նաև Թուրքիայի վարչապետի հայտարարության և բազմաթիվ այլ նյութերի վրա` հաստատվում է, որ Թուրքիայի Հանրապետության կողմից ահաբեկչական կազմակերպություններին բացի տեխնիկական աջակցությունից ցուցաբերվել է նաև քաղաքական աջակցություն: Մենք` ներքոստորագրյալ Վրաստանի հայկական հասարակական կազմակերպություններս, կոչ ենք անում Ձեզ.
Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կենտրոն Վրաստանի Հայ Համայնք Սամցխե-Ջավախքի Հասարակական Կազմակերպությունների Խորհուրդ Թբիլիսահայերի Վեհաժողով Թբիլիսահայերի Միություն Համահայկական ֆորումի մասնակիցների միջազգային ասոցիացիա «Armenian ArtHall» ինտերնետ հրատարակչություն |