Ռուբեն Թորոսյան - հիշատակի երեկո |
Ապրիլի 25-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպվեց լրագրող, «Վրաստան» թերթի նախկին փոխխմբագիր, Վրաստանի հայ մտավորականների միության նախագահ, երջանկահիշատակ Ռուբեն Թորոսյանի հուշ- երեկոն: Դահլիճում հավաքվել էին Ռուբեն Թորոսյանի գործընկերները, նրան ճանաչողները, նրա գործունեությունը և վաստակը գնահատողները, նրա ընտանիքի անդամները: Կորստի և տխրության շունչն էր տիրում Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում: Դահլիճում տարածվում էր սգո մեղեդին, վառվող մոմերը արցունքներ էին հեղում մոմակալների վրա: Իսկ էկրանից նայում էր Ռուբեն Թորոսյանի դիմանկարը: Բացելով հիշատակի երեկոն, Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի պատասխանատու, «Հայարտուն» կենտրոնի տնօրեն Լևոն Չիդիլյանը խոսեց այն նվիրված գործունեության մասին, որը իրականացնում էր Ռուբենը կյանքի վերջին տարիներին, ընտրվելով Վրաստանի հայ մտավորականների միության նախագահ: Թերևս նրա նախաձեռնությամբ էր, որ գործում է «Թբիլիսահայ մտավորականների մոռացված անուններ» խորագրով միջոցառումների շարքը, թերևս նրա մտահղացմամբ թեմը պետք է հրատարակեր իր թերթը և այսպես շարունակ... Խոսք առնողները՝ Վրաստանի հայ մտավորականների միության նախագահ Ենոք Թադևոսյանը, պրոֆեսոր Էմմա Ախտյանը, լրագրողներ Ջուլիետտա Բադալյանը, Սուսաննա Խաչատրյանը, Բելլա Արությունովան, բանաստեղծուհի Անահիտ Բոստանջյանը, իրենց խոնարհումը բերելով ժամանակից շուտ կյանքից հեռացած Ռուբեն Թորոսյանի հիշատակին, ելույթներում անդրադարձ կատարեցին նրա կյանքի անցած ուղուն՝ որպես լրագրող, որպես պահանջկոտ և բանիմաց ղեկավար, լավ ընկեր, ակտիվ հասարակական գործիչ, իր ընտանիքի նվիրյալ, բարի և մարդամոտ անձնավորության, ում պակասը այսօր զգում է թբիլիսահայ հասարակությունը, վրացահայ լրագրողական միտքը: Վերջում Ռուբեն Թորոսյանի որդին՝ Գարիկ Թորոսյանը շնորհակալություն հայտնեց իր հոր գործունեությունը գնահատելու և հիշատակը հարգելու համար:
|