1

fb you od

Թբիլիսիում 100-րդ անգամ նշվեց սայաթնովյան «Վարդատոնը» PDF Տպել Էլ.փոստ

SAYAT-NOVA

Մայիսի 25-ին հոբելյանական սայաթնովյան «Վարդատոնը» մեկնարկեց Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում կիրակնօրյա Սուրբ Պատարագով: Սայաթնովյան «Վարդատոնին» մասնակցելու նպատակով տարբեր շրջաններից և երկրներից ժամանած հյուրերը և հայ համայնքի ներկայացուցիչները հավարտ Սբ. Պատարագի իրենց խոնարհումը բերեցին Թբիլիսիի Խոջիվանքի պանթեոնում հանգչող ազգի արժանավոր զավակների շիրիմներին:

Բազմահազարանոց և բազմազգ հասարակությունը Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում, որտեղ հանգչում է մեծ սիրերգակն ու բանաստեղծը, սպասում էր Սայաթնովյան «Վարդատոնին»: Մեկ դար առաջ Հովհաննես Թումանյանի, Գևորգ Բաշինջաղյանի և Իոսեբ Գրիշաշվիլու նախաձեռնությամբ սկիզբ դրված Սայաթ-Նովայի «Վարդատոնը, շարունակում է մնալ արդիական ու ժողովրդի սիրված տոներից մեկը: Հատկանշական է, որ դեռևս նախորդ օրը «Հայարտուն« կենտրոնում մեծ հանդիսավորությամբ նշվեց Իոսեբ Գրիշաշվիլու ծննդյան 125-ամյակը:

Տոնահանդեսին իրենց մասնակցությունն էին բերել Հայաստանի գրողների միության, Վրաստանի գրողների միության, ՀՀ Սփյուռքի նախարարության, Ֆրանսիայի Մարսել քաղաքի պատվիրակությունները:

Արդեն 100 տարի շարունակվող ավանդույթի համաձայն, «Վարդատոն-2014» սկսվեց անմահ աշուղի հուշարձանին կարմիր վարդեր խոնարհելով:

Հոբելյանական հանդիսությունը կազմակերպել էր Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կենտրոնը՝ աջակցությամբ Պ.Ադամյանի անվան հայպետդրամայի թատրոնի, Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության, Վրաստանում ՀՀ դեսպանության, ՀՀ Մշակույթի և Սփյուռքի նախարարությունների, Թբիլիսիի քաղաքապետարանի և բարձր հովանավորությամբ՝ «Հայարտան» հոգաբարձուների խորհրդի:

«Վարդատոն-2014-ը» բացեց Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի տնօրեն, «Հայարտուն» կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանը: Տոնական հանդիսությունը վարում էին Աննա Պողոսովան և Լևոն Չիդիլյանը:

Ողջույնի և շնորհավորանքի խոսքով ելույթ ունեցան Վրաստանի գրողների միության նախագահ Մաղվալա Գոնաշվիլին և Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

Ելույթ ունեցան բանաստեղծ,թարգմանիչներ Գիվի Շահնազարը, Անահիտ Բոստանջյանը, Բադրի Քութաթելաձեն,Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ Գևորգ Սնխչյանը, ովքեր մեծարեցին այն ժողովրդին, ով աշխարհին տվել է Սայաթ-Նովա հանճարին:

Տոնահանդեսի համերգային մասը բացեց ավանդաբար «Վարդատոնին» մասնակցող Հայաստանի Հանրապետության ռադիոյի Սայաթ-Նովայի անվան պետական վաստակավոր համույթը, պրոֆեսոր Թովմաս Պողոսյանի ղեկավարությամբ: Կրկին սերն ու բարեկամությունն էր իշխում Թբիլիսիի հինավուրց Մեյդանում, կրկին սայաթնովյան երգն ու տաղն էր տարածվում հայերեն և վրացերեն՝ «Քսովրելեբի» համույթի,Պետրոս Ադամյանի անվան հայպետդրամայի թատրոնի դերասանների, անհատ երգիչների ու ասմունքողների, Հայաստանի և Վրաստանի տարբեր վայրերից ժամանած կատարողների կողմից:

Տոնահանդեսի մասնակիցներին իր օրհնությունը հղեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանը:

Ուրախ երգ ու պարով, գեղեցիկ ասմունքով «Վարդատոն-2014»-ը դարձավ ժողովրդական մեծ տոն, որի ուղենիշը սիրո և բարեկամության գովերգումն է:

KP-1712 KP-1727 KP-1728 

PENT2278 PENT2322 PENT2477

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)