1

fb you od

«Հայեր» վավերագրական ֆիլմի շնորհանդես «Հայարտուն» կենտրոնում PDF Տպել Էլ.փոստ

hayer 

2014 թվականի հոկտեմբերի 26-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում ցուցադրվեց «Հայեր» վավերագրական ֆիլմը, որը 2000 թվականին նկարահանել էր Վրաստանի Առաջին Ալիք հեռուստաընկերությունը Թենգիզ Մալանիայի և Թեմուր Լոմսաձեի «Դիասպորա» (Սփյուռք) նախագծով: Ֆիլմի ցուցադրումը նվիրված էր «Թբիլիսոբա» տոնին: Շնորհանդեսին ներկա էին նախագծի հեղինակ և ֆիլմի նկարահանող ռեժիսոր Թենգիզ Մալանիան և ֆիլմի մասնակից Գիվի Շահնազարը:

Վրաստանի հայ երաժիշտների միության նախագահ Արտեմ Կիրակոզովը ներկաներին տեղեկացնելով շուրջ 15 տարի առաջ նկարահանված ֆիլմի շնորհանդեսը կազմակերպելու գաղափարի մասին, կարևորեց Վրաստանում հաստատված ժողովուրդների մշակույթն ու կենսակերպը միմյանց ծանոթացնելու և տարբեր ազգերի ավանդությունները և սովորությունները փոխադարձաբար հարգելու անհրաժեշտությունը:

Նկարահանող ռեժիսորը խոսելով նախագծի մասին, ընդգծեց, որ ըստ նախագծի երկու տարվա ընթացքում ֆիլմեր էին նկարահանվելու նաև մյուս համայնքների և այս քաղաքի զարգացման գործընթացում նրանց թողած հետքի մասին, սակայն խառը և դժվար ժամանակների պատճառով դադարեցվել է նախագծի իրականացումը:

Բանաստեղծ-թարգմանիչ Գիվի Շահնազարի կարծիքով, «Հայեր» ֆիլմը կարելի էր նաև արդիականացնել և գոնե մասամբ ցույց տալ հայ ստեղծագործ մարդու դերը քաղաքի կառուցման և զարգացման գործում:

Ռեժիսոր Թենգիզ Մալանիան իր բարձր գնահատականը տվեց «Հայարտուն» կենտրոնի գործունեությանը, որտեղ կազմակերպված միջոցառումների հաճախակի հանդիսատեսն է ինքը և շնորհակալություն հայտնեց իր նկարահանած «Հայեր» վավերագրական ֆիլմը գոհունակությամբ ընդունելու համար:

Առաջարկ եղավ կազմակերպել և օժանդակել Վրաստանում հայերի մասին լիարժեք վավերագրական ֆիլմ նկարահանելուն:

DSC 3367 DSC 3377 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)