1

fb you od

Ամանորյա տոնահանդես «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանում PDF Տպել Էլ.փոստ

nakhakrdaran 

Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում ընթացիկ տարվա դեկտեմբերի 24-ին կայացավ «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանի (ղեկավար Եվգենյա Մարկոսյան) ամանորյա տոնահանդեսը: Նախակրթարանի ուսուցիչների ջանքերով ու երևակայությամբ զարդարված դահլիճը իսկական ձմեռային տեսք էր ստացել, որտեղ տարբեր կենդանիների, հրեշտակների ու ձյունանուշիկների նմանվող նախակրթարանի 50-ից ավելի սաները սպասում էին Ձմեռ պապին, որ գալու էր նվերներով և ավետելու էր նոր՝ 2015 թվականի մեկնարկը:

Տոնականորեն զարդարված դահլիճում տեղեր էին զբաղեցրել ոչ միայն փոքրիկների ծնողները, տատիկներն ու պապիկները, այլև հոգևոր հայրերը, Հայարտուն» կենտրոնի պաշտոնեությունը, Թեմի մյուս աշխատակիցները: Միջոցառմանը ներկա էին Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներ Կարեն Մելիքյանը և Տիգրան Թումանյանը:

Տոնահանդեսը սկսվեց Տերունական աղոթքով և Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությամբ: Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանը երախտիքի խոսքեր ուղղեց բոլոր այն ծնողներին, ովքեր ընտրել են հայոց մանկապարտեզն ու երեխաների հայեցի դաստիարակությունը:

Ու հաջորդեցին միմյանց փոքրիկների հայերեն խոսքը, ուրախ երգն ու պարը, ասմունքը, հանելուկն ու շուտասելուկը: Երեխաների ճիշտ վարվելակերպը, վարժ արտասանությունը, գեղեցիկ երգն ու պարը, դարձան այն բանի վկայությունը, որ նախակրթարանն իր գործունեության մեջ ընտրել է զարգացման ճիշտ ուղի: Սաների ելույթներից գոհ լինելը չէին թաքցնում հեքիաթային Քաջ Նազարն ու Ձմեռ պապը, ովքեր վերջում բոլոր երեխաներին բաժանեցին ամանորյա նվերներ:

Ծնողների անունից նախակրթարանի դաստիարակներին և Վիրահայոց թեմին ու նրա առաջնորդին ուղղված երախտիքի խոսքով հանդես եկավ նախակրթարանի ծնող Գայանե Բոստանջյանը, կոչ անելով ներկաներին, իրենց զավակներին ուղղորդել հայոց դպրոց:

Հավարտ միջոցառման գնահատանքի իր խոսքում Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը անդրադարձ կատարեց դահլիճի և երեխաների այն գեղեցիկ տեսքին, որը ամեն անգամ նորովի է բացահայտվում: Կարևորելով հոգևոր տաճարի դերը ազգայինը պահպանելու և սերունդներին փոխանցելու գործում, Սրբազան Հայրը արդիականացրեց պետական դպրոցի կողքին նաև ազգային դպրոց ունենալու անհրաժեշտությունը: Թեմակալ առաջնորդը գնահատանքի խոսքեր ուղղեց նախակրթարանի ուսուցիչներին, բոլոր աշխատակիցներին նրանց նվիրական գործունեության համար և ներկաներին կոչ արեց լինել Հայոց Եկեղեցու կողքին, միշտ հաճախել Սուրբ Պատարագներին և դառնալ նրա բոլոր արարողությունների մասնակիցը: Վազգեն Սրբազանը ներկաներին շնորհավորեց գալիք Ամանորյա և Սուրբ Ծննդյան տոների առիթով և բոլորին հրավիրեց մասնակցելու Սուրբ Ծննդյան և Ջրօրհնեքի արարողություններին:

DSC01376 DSC01383 DSC01388 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)