Վիրահայոց թեմի առաջնորդը մասնակցեց Գերմանիայի Դաշնության Բունդեստագի նախագահի հետ հանդիպմանը |
2015 թվականի փետրվարի 13-ին, Վրաստանում Գերմանիայի Դաշնության դեսպանատանը, արտակարգ և լիազոր դեսպան Օրթվին Հենիգի նախաձեռնությամբ, կայացավ հանդիպում Գերմանիայի Դաշնության Բունդեստագի նախագահ դոկտոր Նորբերտ Լամմերտի հետ: Հանդիպմանը մասնակցում էին Վրաց Ուղղափառ, Հռոմեական կաթոլիկ, Գերմանական լյութերական, Մկրտական-ավետարանական Եկեղեցիների բարձրաստիճան հոգևորականներ, Հրեական համայնքի ռաբբին և Եզդի համայնքի հոգևոր առաջնորդը: Հանդիպմանն իր մասնակցությունն էր բերել Վիրահայոց թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Հանդիպմանը Գերմանիայի Բունդեստագի նախագահը հետաքրքրվեց Վրաստանում կրոնական հանդուրժողականության մասին: Բարձրաստիճան հյուրին հետաքրքրում էր նաև քրիստոնյաների, մահմեդականների, հուդդայականների և այլ կրոնական համայնքների փոխհամագործակցությունը: Վիրահայոց թեմի առաջնորդը պատմական ակնարկով ներկաներին և բարձրաստիճան հյուրին ներկայացրեց Հայոց Եկեղեցու, Վիրահայոց թեմի պատմությունը, հայ եկեղեցուն և Վրաստանի հայությանը հուզող հիմնահարցերը: Սրբազան Հայրը շեշտեց նաև այն, որ հակառակ տարբեր դժվարություններին, Վրաստանում շարունակվում է կրոնական համայնքների փոխհամագործակցությունը, իսկ պետության հետ համագործակցությամբ Վիրահայոց թեմը ակնկալում է պատմական իր եկեղեցիների վերադարձի հիմնախնդրի լուծում: Դոկտոր Նորբերտ Լամմերտը Թեմի առաջնորդից հետաքրքրվեց Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում, Վրաստանի տարածքում հայկական և իսլամական համայնքների փոխհարաբերությունների և հայերի ու թուրքերի փոխհարաբերությունների մասին: Բունդեստագի նախագահը նշեց, որ ողջ Եվրոպան տեղյակ է 100 տարի առաջ հայերի նկատմամբ տեղի ունեցած ցեղասպանության մասին,հավելելով, որ հայկական տարբեր համայնքներում տարբեր միջոցառումներով հիշատակելու են այդ ողբերգական կորստի զոհերին և Եվրոպայում ուշիուշով հետևում են հայ-թուրքական փոխհարաբերություններին: Բարձրաստիճան հյուրերին հետաքրքրում էր նաև այն, թե Վրաստանի հայ համայնքի որքան մասն է կազմում ցեղասպանությունից մազապուրծ փրկված և Վրաստան գաղթած հայության թիվը: Սրբազանն իր երախտագիտությունը հայտնեց դոկտոր Նորբերտ Լամմերտին հայ ժողովրդի մեծ վշտի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության համար և ներկայացրեց, որ հակառակ պատմական իրադարձություններին, Վրաստանում հայ համայնքը հաշտ ապրում է իսլամական համայնքի հետ, չմոռանալով, անշուշտ, պատմության արդարության հիշողությունն ու պահանջատիրությունը:Սրբազանը նշեց, որ վրացահայ համայնքի գրեթե մեկ երրորդը հանդիսանում են ցեղասպանության զոհերի ժառանգներ և վրացահայությունը Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում կազմակերպում է տարբեր միջոցառումներ և աշխարհասփյուռ հայության հետ իր ձայնն է բարձրացնում արդարության համար: Թեմի առաջնորդը նաև իր գոհունակությունը հայտնեց վրացական իշխանություններին և կրոնական բոլոր համայնքների ներկայացուցիչներին, ովքեր մշտապես կիսում են վրացահայության վիշտը և կանգնում են հայ համայնքի կողքին: Հանդիպմանը քննարկվեց նաև համայնքների միջև խառը ամուսնությունների և բազմամշակութային փոխհամագործակցության վիճակագրությունը Վրաստանում: Վրաստանում Գերմանիայի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Օրթվին Հենիգը իր շնորհակալությունը հայտնեց հյուրերին հանդիպմանը մասնակցության և ջերմ զրույցի համար:
|