1

fb you od

Թիֆլիսահայ գեղանկարիչների եռալեզու ալբոմի շնորհանդես Վրաստանի մշակույթի նախարարությունում PDF Տպել Էլ.փոստ

nor babelon1 

Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարության դահլիճում, 2015 թվականի մարտի 6-ին, կայացավ «Թիֆ(Թբի)լիս-իՆոր Բաբելոն» ալբոմի շնորհանդեսը, որին ներկա էին հայ, վրացի և այլ ազգի մտավորականներ, գրողներ, արվեստասեր հասարակայնության ներկայացուցիչներ:

Միջոցառումն իրենց ներկայությամբ պատվել էին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող ՀՀ Արդարադատության նախարար պարոն Հովհաննես Մանուկյանը, Վրաստանում ՀՀ դեսպանության առաջին խորհրդական Արտակ Կալաչյանը և ուրիշներ:

20-րդ դարի երկրորդ կեսի թբիլիսահայ գեղանկարչության հինգ տաղանդավոր վարպետների անունները և նրանց աշխատանքները մեկ ժողովածուով հրապարակելու նախագիծը իրականացվել է Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարության, ՀՀ մշակույթի նախարարության, Վրաստանում ՀՀ դեսպանության և Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթա-մշակութային կենտրոնի աջակցությամբ՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր պարոն Աշոտ Արսենյանի հովանու ներքո:

Ողջունելով ներկաներին, Վրաստանի մշակույթի փոխնախարար Մանանա Բերիկաշվիլին անթաքույց հպարտությամբ արժևորեց իրենց ստեղծագործական ուղին հարթած և արվեստի պատմության մեջ հաստատված հայ վարպետներին, որոնց ներկապնակի գույները ստեղծվել են այս բազմազգ քաղաքի անկրկնելի հարուստ կոլորիտով և որոնց աշխատանքներով հպարտանում է ինչպես հայ, այնպես էլ վրացի արվեստասեր հասարակայնությունը:

Նախագծի հեղինակ և համակարգող, շնորհաշատ նկարչուհի Իրենա Օհանջանովան անվանեց գեղանկարչության թիֆլիսահայ դպրոցի ներկայացուցիչներ երջանկահիշատակ Ալբերտ Դիլբարյանի, Լև Բայախչևի, Ռոբերտ Կոնդախսազովի, Գայանե Խաչատրյանի և այսօր էլ գեղանկարչի վրձինը վայր չդնող Զուլեյկա Բաժբեուկ-Մելիքովայի անունները, ում 120 կտավները տեղ են գտել ալբոմում, ուղեկցվելով Դավիթ Անդրիաձեի անկրկնելի էսսե վերլուծականներով:

ՀՀ Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, որ դեռևս Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում աշխատանքի տարիներին հղացել էր վրացական գեղանկարչության թիֆլիսահայ վարպետների հետքը մեկ ժողովածուով անմահացնելու և սերունդներին ներկայացնելու գաղափարը, արվեստը դասեց այն կամուրջների շարքը , որոնք շաղկապում և դեպի ապագան են մղում դարավոր բարեկամ ժողովուրդների համագործակցությունն ու մշակութային առաջընթացը:

Իր օրհնությունը հղելով ներկաներին, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը բարձր գնահատեց արվեստի և մշակույթի գործիչների դերը երկու քրիստոնյա ժողովուրդների կյանքում, կարևորեց նրանց գործունեությունը շարունակելու և ժողովրդական ձեռքբերումները միմյանց հասանելի դարձնելու սերունդների առաքելությունը:

Թիֆ(Թբի)լիս-իՆոր Բաբելոն» ալբոմ-գիրքը հրատարակվել է հայերեն, վրացերեն և անգլերեն լեզուներով և հայտնի ստեղծագործությունների կողքին ներկայացված են նկարիչների այնպիսի աշխատանքներ, որոնք հավաքված են Վրաստանի, Հայաստանի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի թանգարաններից ու պատկերասրահներից: Ներկաները դիտեցին թիֆլիսահայ 5 գեղանկարիչների 120 աշխատանքների սլայդ-շոուն: «Թիֆ(Թբի)լիս-իՆոր Բաբելոն» ալբոմ-գրքի շնորհանդեսը դարձավ երկու ժողովուրդների բարեկամությամբ ներշնչված երեկո, որի հասցեն Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարությունն էր:

DSC01863 IMGP0005 IMGP0034 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)