1

fb you od

Հայոց Ցեղասպանությունը վերապրածների ժառանգները Վրաստանում PDF Տպել Էլ.փոստ

genocide 100 

Այս խորագիրն էր կրում Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում, 2015 թվականի ապրիլի 4-ին կայացած Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի միջոցառումը: Լուսանկարիչ Սերգեյ Ֆիդանյանի նախաձեռնությամբ, «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ և Վիրահայոց թեմի հովանու ներքո կազմակերպված հեղինակային լուսանկարների ցուցադրությանը կցվել էին Ցեղասպանությունից փրկվածների և Վրաստանում ապաստանածների ժառանգների պատմությունները՝ հայերեն, վրացերեն, ռուսերեն:

Գալուստ Գյուլբենկյան սրահի պատերին փակցված լուսանկարները ներկայացնում էին Հայոց Ցեղասպանությունը վերապրածների չորս սերնդի 34 ժառանգների, որոնց միավորել էր հայկական գենը և հայ ազգի նկատմամբ ոճրագործությունը:

Ցուցադրությունը հետաքրքրությամբ դիտեցին և պատմություններն ընթերցեցին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանում ՀՀ դեսպանության խորհրդական Կարեն Մելիքյանը, հոգևոր հայրերը, թբիլիսահայ համայնքի անդամներ, հասարակայնության բազմալեզու ներկայացուցիչները, Ախալցխայից հատուկ ժամանած հայ համայնքի անդամները:

Ողջունելով ներկաներին, Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի տնօրեն, «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանը անդրադարձ կատարեց ցուցադրության նպատակին՝ տարբեր մահասարսուռ և հուզումնալից պատմությունները վերհանելով հիշել Ցեղասպանությունը, դատապարտել ոճրագործությունը և պահանջել հատուցում:

Բոլոր ելույթ ունեցողները՝ Վան Բայբուրթյանը, Կարեն Մելիքյանը, Ենոք Թադևոսյանը, Հենրիխ Մուրադյանը, Յուրի Մեչիտովը, Ջիովանի Վեփվախեն, Ռուբեն Ռուխկյանը, Սամվել Մկրտչյանը, Անահիտ Բոստանջյանը, Վիկտորյա Մաքսոևան, Իրենա Օհանջանովան, արժևորեցին հեղինակի մտահղացումը՝ վերապրածների պատմություններով աշխարհին ցույց տալ կատարված ոճրագործությունը և հայ մարդու տեսակը և հայկական գենի հզորությունը: Իր ապրումներն ուսուցչուհի Մանանա Կարապետյանն արտահայտեց արտասանելով հատված Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմից:

Երախտագիտություն հայտնելով Վիրայոց թեմի առաջնորդին և «Հայարտուն» կենտրոնի ղեկավարությանը աջակցության համար, լուսանկարիչ Սերգեյ Ֆիդանյանը ցուցահանդեսը անվանեց իր ներդրումը Հայոց Ցեղասպանության 100-ամյակի հիշատակին, հայտնելով այն Ջավախքում և քաղաքամայր Երևանում ցուցադրելու իր նպատակի մասին:

Վերջում Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն իր օրհնությունը բաշխելով ներկաներին, կարևորեց Սփյուռքահայության դերն ու նշանակությունը Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու և այն դատապարտելու գործում: Սրբազան Հայրը կոչ արեց հիշելով նահատակներին, պատասխանատվություն պահանջել ցեղասպանությունը կազմակերպող երկրից, նաև երախտապարտ լինել այն ազգերին ու ժողովուրդներին, որոնք ապաստանեցին փրկվածներին, ում օգնությամբ վերապրածների ժառանգները շարունակում են ապրել, արարել և գործել Մայր Հայրենիքի և իրենց ապաստանած երկրի բարգավաճման համար:

Որոշվեց ցուցահանդեսի լուսանկարները և կցված պատմությունները հրատարակել առանձին գրքով:

DSC02454 DSC02455 DSC02479 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)