Ցեղասպանության Զոհերի Հիշատակի Երեկո Բաթումիի Հռոմեական Կաթ» |
2015թ.-ի մարտի 29-ին Բաթումիի Հռոմեական Կաթոլիկ Եկեղեցում Հայ Առաքելական Ուղղափառ և հյուրընկալ Եկեղեցիների հոգևոր դասի և հավատացյալների մասնակցությամբ տեղի ունեցավ հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո: Երեկոն սկսվեց միասնական Տերունական աղոթքով և Հայ ու Կաթոլիկ Եկեղեցիների հոգևոր հովիվների հոգեհանգստյան կարգով: Հայոց ցեղասպանության թեմային նվիրված բանախոսությամբ հանդես եկավ Քրիստինա Այվազյանը: Աջարիայի, Գուրիայի և Իմերեթիայի Հռոմեական Կաթոլիկ Եկեղեցու հոգևոր հովիվ հայր Գաբրիել Բրագանիտինին ողջունեց ներկաներին և Հայոց եղեռնի 100-ամյա տարելիցին ընդառաջ հայտնեց Կաթոլիկ Եկեղեցու և հավատացյալների զորակցությունը հայ ազգին և եկեղեցուն: Երեկոյի ընթացքում համահունչ հոգևոր երգերով և շարականներով հանդես եկան հյուրընկալ եկեղեցու երգչախումբը և Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցու <<Աղբյուր>> երգչախումբը` խմբավար Ռուզաննա Օգանեսյանի ղեկավարությամբ: Երեկոն ամփոփվեց հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանի խոսքով: Տեր հայրը բարձր գնահատեց Հռոմեական Կաթոլիկ Եկեղեցու կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ու դատապարտելու փաստը և շնորհակալություն հայտնեց հոգևոր դասին և հավատացյալներին` միասնական հիշատակի երեկո անցկացնելու համար: |