1

fb you od

«Ջան-գյուլում» ժողովրդական տոնահանդես Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում PDF Տպել Էլ.փոստ

jyangyulum 

Քրիստոսի Համբարձման տոնը, որը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին այս տարի նշեց մայիսի 14-ին, ավանդաբար ուղեկցվում է ժողովրդական հանդեսով և կոչվում է Ջանգյուլում: 2015 թվականի մայիսի 17-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում կայացավ Ջան-գյուլումի տոնակատարություն:

Անձրևային եղանակի պատճառով , եկեղեցու բակում նախատեսված տոնը նշվեց կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում: Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի նախաձեռնությամբ իրականացվող տոնի կազմակերպմանը այս տարի իր մասնակցությունն էր բերել Սուրբ Մովսես Խորենացի նախակրթարանի շնորհալի դաստիարակչուհի Օքսանա Շարոյանը: Նրա կողմից կատարված աշխատանքի արդյունքում տոնը պահպանել էր իր ավանդական ու ժողովրդական երանգները:

Առավոտից ուրախ աշխուժություն էր տիրում կենտրոնում: Երիտասարդները զուգված ազգային տարազներով, դաշտային ծաղիկներից ծաղկեպսակներ էին հյուսում ու նվիրում ջահել աղջիկներին ու հարսներին, տոնի խորհրդով ապրող հավատացյալներին:

Բազմամարդ դահլիճում միասնաբար «Հայր մերն» արտասանելուց և Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությունն ու բարեմաղթանքը ստանալուց հետո, «Համբարձում յայլա» մեղմանուշ երգի մեղեդու ներքո սկսվեց տոնահանդեսը: Միջոցառման վարող Լիզա Թորոսյանը շնորհավորեց ներկաներին եկեղեցական տոնի կապակցությամբ ու անդրադարձ կատարեց Քրիստոսի Համբարձման և Ջան-Գյուլում ժողովրդական տոնի խորհրդին, որը նաև  պես-պես ծաղիկների   տոն է, գարնանային գեղեցկության զարթոնք: Նրա ներկայացմամբ տարածվեցին երգն ու պարը «Հայարտուն» կենտրոնի Սուրբ Ներսես Շնորհալի պատանեկան երգչախմբի, ( խմբավար Մարիա Աբուլյան և դաշնակահար Կարեն Միրզոյան), «Անի» և «Տարոն» (պարուսույց Անգելինա Նազարյան-Քոչյան), «Վանք« պարային խմբերի (պարուսույց՝ Լիանա Կաշավանիձե) կատարմամբ: Տոնական բարձր տրամադրություն ստեղծեցին անհատ կատարողներ Անի Հովհաննիսյանի, Մարիաննա Սահակյանի, Ռուզաննա Միքայելյանցի, Աննա Պողոսովայի, Աիդա Բազոյանի, Անի Թորոսյանի, Հենրիխ Պետրոսյանի և այլոց կողմից հայկական ժողովրդական ու ժամանակակից երգերի, դհոլի ու դուդուկի խմբերի (ուսուցիչներ՝ Ռոբերտ Կաշավանիձե և Իվանե Մկրտչյան) կատարումները: Առանձնապես տպավորիչ էր հատուկ տոնի կապակցությամբ Թբիլիսի ժամանած Մառնեուլի շրջանի Կարմիր գյուղի նորաստեղծ համույթի (պարուսույց Լիանա Կաշավանիձե) ելույթը:

Կենդանի ծաղիկներ էին դարձել «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանի սաները, ովքեր տոնահանդեսին առանձին գեղեցկություն հաղորդեցին իրենց նազելի պարով, հրեշտակների տեսքով ու փայլուն արտասանություններով:

Տոնը «Հայարտուն» կենտրոնում վերածվեց իսկական հանդեսի, դառնալով ազգային ժողովրդական ավանդության պահպանության վառ վկայություն:

DSC03062 DSC03063 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)