1

fb you od

Հայկական անկյունը գրավեց մշակույթի նախարարի և պետնախարարի ուշադրությունը PDF Տպել Էլ.փոստ

DSC031491 

Մայիսի 21-ը հայտարարված է մշակութային բազմազանության միջազգային օր: Այս տարի Թբիլիսիի «Կովկասյան տուն» մշակութային հարաբերությունների կենտրոնում կազմակերպված Վրաստանի ազգային փոքրամասնությունների մշակույթի և երկխոսության զարգացմանը նվիրված հետաքրքիր ու բազմաբղետ ցուցահանդեսով միջազգային օրվա նշանավորմանը միացավ Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարությունը:

Իրենց մշակույթը, խոհանոցը և ազգային կենսակերպն էին ներկայացրել Վրաստանում բնակվող աբխազները, օսերը, հայերը, չեչենները, քիստերը, գերմանացիները, լատվիացիները, հրեաները և այլք: Ցուցանմուշների շրջանում տեղ էին գտել նաև այն հրատարակությունները, որոնք լույս էին տեսել ազգային փոքրամասնությունների լեզուներով հատկապես «Կովկասյան տան» ֆինանսավորմամբ:

Ցուցահանդեսը դիտեցին Վրաստանի մշակույթի նախարար Միխեիլ Գիորգաձեն և Վրաստանի հաշտեցման ու քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետական նախարար Պաատա Զաքարեիշվիլին, Վրաստանում գործող տարբեր միջազգային կազմակերպությունների և հիմնադրամների ներկայացուցիչներ, ազգային փոքրամասնությունների համայնքային անդամներ:

Հայկական անկյունը ձևավորել էր Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնը: Ցուցադրվել էին ազգային նվագարաններ, հայկական գորգեր, թբիլիսահայ նկարիչների կտավներ, ալբոմներ, կատալոգներ, հայերեն հազվագյուտ հրատարակություններ, հայերեն և վրացերեն թարգմանված հին և ժամանակակից գրականությունների նմուշներ: Այս ամենի կենտրոնում համեստորեն տեղ էր գտել «Հագո» խամաճիկը Դավթյան տիկնիկային մշակույթի կենտրոնից:

Վրաստանի Մշակույթի նախարարը և հաշտեցման ու քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարարը մեծ ուշադրությամբ դիտեցին հայկական անկյունը, չթաքցնելով իրենց հետաքրքրությունը և հիացմունքը բարձրարժեք և հարուստ ցուցանմուշներից: «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանը երկրի կառավարութան անդամներին նվիրեց նորերս հրատարակված Ռուբեն Սահակյանի «Հայոց ցեղասպանություն» գրքի վրացերեն թարգմանությունը:

Միջոցառման կազմակերպումը և բազմազգ Վրաստանի հարուստ մշակույթի ցուցադրությունը ողջունեցին Վրաստանի մշակույթի նախարար Միխեիլ Գիորգաձեն, պետնախարար Պաատա Զաքարեիշվիլին, «Կովկասյան տան» ղեկավար Նաիրա Գելաշվիլին, Վրաստանում Եվրախորհրդի ներկայացուցչության կցորդ Օլիվեր Ռայները, համայնքային ներկայացուցիչներ: Վիրահայոց թեմի իրավական հարցերի և պետության հետ հարաբերությունների բաժնի տնօրեն Միքայել Ավագյանն իր ելույթում կարևորեց Վիրահայոց թեմի և «Հայարտուն» կենտրոնի պատրաստակամությունը մասնակցելու ինչպես մշակույթի նախարարության, այնպես էլ «Կովկասյան տան» բոլոր նախաձեռնություններին: Ներկաներին ողջունեց տիկնիկագործ Ժաննա Դավթյանը՝ Հագո խամաճիկի կողմից Գևորգ Էմինի «Զարմանալի հայ» բանաստեղծության արտասանությամբ:

Այցելուներին ընձեռվեց նաև տարբեր ժողովուրդների ազգային կերակրատեսակները համտեսելու հնարավորություն:

DSC03123 DSC03145 DSC03133  

11219502 821258761255733 273120193237391006 o 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)