Ուխտագնացություն Սամցխե-Ջավախք |
2015 թվականի հունիսի 6-ին Ախալցիխե էին ժամանել ուխտավորների խմբեր Թբիլիսիից, Նինոծմինդայից և Ախալքալաքից՝ «Սուրբ Գրիգորի Լուսաւորչին մերոյ ելն ի Վիրապէն» տոնին մասնակցելու համար: Քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տոնական Պատարագ մատուցեց Տեր Հակոբ աբեղա Սահակյանը, իսկ հավուր պատշաճի քարոզ խոսեց Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանը, ով արծաթյա գեղեցիկ խաչ նվիրեց եկեղեցուն: Հավարտ սուրբ պատարագի հավատացյալներին առաջնորդական իր պատգամը փոխանցեց Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը և հանդիսապետեց նվիրաբերված խաչի օծման կարգը: Ուխտավորները շրջեցին Ախալցիխեի տեսարժան վայրերում, հյուրասիրվեցին հոգևոր դասի կողմից կազմակերպված սիրո ճաշին (ագապե) և վերադարձան իրենց բնակավայրերը: Ուխտավորներին ուղեկցում էին Նինոծմինդայից՝ Տեր Արմաշ քահանա Պողոսյանը, Ախալքալաքից՝ Տեր Տաթև քահանա Մարուքյանը, Թբիլիսիից՝ Գևորգ սարկավագ Անտոնյանը: Թեմի Առաջնորդը և Փոխառաջնորդը խորհրդակցական ժողով անցկացրեցին Ախալցիխեի և շրջանի հոգևոր հովիվների հետ: Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը և Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանը հանդիպեցին նաև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգաբարձուների և քաղաքի ակտիվի հետ: Հոգևոր դասի և աշխարհիկ ներկայացուցիչների հետ քննարկվեցին եկեղեցու շին-վերանորոգչական, կազմակերպչական և համայնքին հուզող այլ հարցեր: Վազգեն Սրբազանը և Բաբգէն Վարդապետը նախորդ օրը, հունիսի 5-ին, Ախալքալաքում մասնակցել էին Թբիլիսիից ժամանած անվանի կատարողների և դերասանների համերգին և փոխառաջնորդարանում հյուրընկալել հարգարժան հյուրերին:
|