1

fb you od

Մեկօրյա դպրոցների շրջանավարտները ստացան վկայականներ PDF Տպել Էլ.փոստ

kiraknorya 

2015 թվականի հունիսի 10-ին, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ, Տեր Հուսիկ քահանա Հարությունյանի և Տեր Նարեկ քահանա Ղուշչյանի ու հոգևոր դասի մասնակցությամբ երեկոյան ժամերգությանը ներկա էին հայերենի ուսուցման «Սբ. Գրիգոր Նարեկացի» շաբաթօրյա և «Սուրբ Եղիա մարգարե» կիրակնօրյա դպրոցների 2014-2015 ուսումնական տարվա շրջանավարտները, նրանց ծնողները, ուսուցչուհիները, Վրաստանի կրթության և գիտության նախարարության ազգային ծրագրերի համակարգող Կարինե Մանուկյանը, «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանը և բազում հավատացյալներ: Հավարտ ժամերգության Թեմի կրթության բաժնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանը ողջույնի և շնորհավորանքի խոսք ասաց Վիրահայոց թեմի մայրենիի ուսուցման մեկօրյա դպրոցների շրջանավարտներին, ովքեր հաջողությամբ անցան գրաճանաչության և պատմության դասընթացները:

Վրաստանի հայ համայնքում մայրենին պահպանելու, Մայր Հայրենիքի և Հայոց Եկեղեցու պատմությանը հայ երիտասարդին հաղորդակից դարձնելու նպատակին է ուղղված Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի աջակցությամբ և հովանավորությամբ գործող մեկօրյա դպրոցների գործունեությունը: Դեռևս 20 տարի առաջ Վիրահայոց թեմի երջանկահիշատակ առաջնորդ Գևորգ արքեպիսկոպոս Սերայդարյանի նախաձեռնությամբ հիմնադրված Սուրբ Եղիա մարգարեի անվան կիրակնօրյա դպրոցին ավելացել է նաև Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան շաբաթօրյա դպրոցը: Այս երկու դպրոցների վեց խմբերում մեսրոպատառ հայերենն են սերտում մայրենիից հեռացած, սակայն մայրենիի փափագով ապրող այն դեռահասները, երիտասարդները, նաև մեծահասակները, ովքեր հանգամանքների բերումով չգիտեն իրենց լեզուն և սիրով եկել են երբեմնի սխալը ուղղելու, բացը լրացնելու համար:

Էմիլ Սարգսյանը Սուրբ Եղիա մարգարե կիրակնօրյա դպրոցից (ուսուցչուհի՝ Ռոզա Զոհրաբյան) և Նարեկ Հովասափյանը՝ Սուրբ Գրիրգոր Նարեկացի շաբաթօրյա դպրոցից (ուսուցչուհի՝ Թամարա Գաբոյան) մինչև դպրոց ընդունվելը դժվարությամբ էին արտահայտվում կամ բոլորովին չէին խոսում հայերեն,սակայն այսօր իրենց գեղեցիկ ասմունքով և խոսքով ցուցադրեցին ձեռք բերածը,արժանանալով ներկաների գնահատականին:

Թեև Թեմի երկու դպրոցների երկրորդ դասարաններում սովորել են 57 հայորդիներ, սակայն ավարտական քննություններին մասնակցեցին 50-ը, ովքեր և ստացան Վիրահայոց թեմի առաջնորդի օրհնությունը և դասընթացներն ավարտելու մասին վկայականներ:

Թեմակալ առաջնորդն իր օրհնությունը հղելով ներկաներին, բարձր գնահատեց Թեմի կրթության բաժնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանի, ուսուցչուհիներ Ռոզա Զոհրաբյանի և Թամարա Գաբոյանի, հոգևոր տեսուչ Գևորգ սարկավագ Անտոնյանի նվիրական աշխատանքը՝ բազում հայորդիներին իրենց արմատներին մերձեցնելու համար:Թեմակալ առաջնորդը կոչ արեց ծնողներին ընտանիքներում խոսակցական լեզուն դարձնել հայերենը, պահել ու պահպանել մայրենին, իսկ շրջանավարտներին հորդորեց՝ չկտրվել Հայոց Եկեղեցուց, ընդգրկվել «Հայարտուն» կենտրոնի և երիտասարդական բաժնի գործունեությանը և հպարտությամբ կրել հայի անունը:

Վիրահայոց թեմի հովանավորությամբ մայրենիի ուսուցման վարժարաններ են գործում նաև Բաթումիում՝«Սբ.Մեսրոպ Մաշտոց»,Քոբուլեթիում՝«Վռամշապուհ» և Օզուրգեթիում՝«Սբ.Սահակ Պարթև», որտեղ նույնպես ընթանում են ավարտական քննություններ: 

IMGP0005 IMGP0025 IMGP0032

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)