Սբ.Աստվածամոր վերափոխման տոնը՝ Վիրահայոց թեմում |
2015 թվականի օգոստոսի 16-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, մեծ շուքով նշեց Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնը: Հաոց Եկեղեցու հինգ Տաղավար տոներից չորրորդը և Տիրամորը նվիրված ամենահին տոնը հանդիսավորությամբ արժեվորվեց նաև Վիրահայոց թեմի բոլոր եկեղեցիներում: Վաղ առավոտից բազմամարդ էր Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակն ու տաճարի ներսը: Աստվածամոր վերափոխման տոնի կապակցությամբ եկեղեցու խորանը զարդարվեց օրվա խորհրդանիշ արևահամ խաղողի տեսակներով ու տարբեր մրգերով, որն ապահովել էր Եկեղեցու խաչքավոր Յուրի Երեմյանը: Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում առավոտյան ժամերգությունից հետո կատարվեց Անդաստանի կարգ: Օրհնվեցին աշխարհի բոլոր ծագերը և ժողովուրդները: Այնուհետև մատուցվեց Սուրբ Պատարագ: Տոնական Սրբազան Պատարագի Պատարագիչն էր Վիրահայոց Թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Սուրբ Պատարագին իր ներկայությունն էր բերել ՀՀ գյուղատնտեսության նախարար պարոն Սերգո Կարապետյանը, ով իր հետ բերել էր մայր հայրենիքի արևահամ խաղողը: Ներկա էին վիրահայ հասարակայնության ներկայացուցիչները, մտավորականներ, տարբեր կառույցների ղեկավարներ, բազում հավատացյալներ: Ու չէր դադարում մարդկանց հոսքը դեպի եկեղեցի, որ գալիս էին խաղողի և տարբեր մրգերի գեղեցիկ զամբյուղներով, զարդարված սկուտեղներով՝ տարվա բերք ու բարիքի օրհնությունը և Բարձրյալի բարեխոսությունը ստանալու ակնկալիքով: Հընթացս Սուրբ Պատարագի, Պատարագիչ Սրբազան Հայրը հավուր պատշաճի քարոզ խոսեց օրվա խորհրդի՝ Տիրամոր մեծ Առաքելության, նրա ննջման և Հարության, Վերափոխման մասին: Սրբազան Հայրը հոգևոր դասի հետ միասին հանդիսավորապես կատարեց ավանդական խաղողի և ողջ տարվա բերք ու բարիքի օրհնության կարգ: Տոնական Սուրբ Պատարագներ մատուցվեցին և խաղողօրհնեքի կարգ կատարվեց նաև Սամցխե-Ջավախքի, Բաթումի, Քվեմո Քարթլիի և մյուս բոլոր հայկական եկեղեցիներում: Այս տարի առանձնահատուկ շքեղությամբ տոնը նշվեց Ախալցխայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, որտեղ Պատարագիչն էր Վիրահայոց Թեմի Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանը: Հոգեշնորհ Հայր Սուրբի մատուցած Պատարագը, հավուր պատշաճի քարոզը և կայացած խաղողօրհնեքի կարգը մեծ ոգևորություն և մխիթարություն բերեց տեղի ժողովրդին: Նվիրական ծառայություն մատուցեցին նաև համայնքներին Սամցխե Ջավախքի փոխանորդության քահանաները, ովքեր վաղ առավոտվանից ժամերգություններ և խաղողի օրհնության կարգ կատարեցին բազմաթիվ համայնքներում: Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցում Սուրբ Աստվածամոր վերափոխման Սուրբ Պատարագին տեղի հավատացյալների կողքին տեղ էին զբաղեցրել նաև Հայաստանի Հանրապետությունից և այլ վայրերից ժամանած հայեր և այլազգիներ: Խաղողի օրհնության կարգի ավարտից հետո Աջարիայի, Գուրիայի և Իմերեթիի հայության հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանի կողմից օրհնվեցին ջրօրնեքի և խաղողի օրհնության կաթսաները, որ եկեղեցուն նվիրել են ազնիվ հայորդիներ Անդրանիկ Կարավարդանյանը և Խաչիկ Գումբալյանը: Այնուհետև եկեղեցու խաչքավոր Կարեն Կարապետյանի և նրա ընտանիքի կողմից հավատացյալներին բաժանվեց մատաղ: Երկուշաբթի առավոտյան Վիրահայոց թեմի բոլոր եկեղեցիներում կկատարվի հանգուցյալների հիշատակի Սբ. Պատարագ: |