Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանը ՝ Շահումյան ավանում |
2015 թվականի սեպտեմբերի 20-ին, Վիրահայոց թեմի Մառնեուլիի շրջանի հայկական համայնքների նորանշանակ հոգևոր հովիվ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանն, իր հովվական այցելության շրջանակներում, անդրանիկ Սուրբ Պատարագը մատուցեց Շահումյանի Սուրբ Աստվածածին Եկեղեցում: Սրբազան Պատարագին իր մասնակցությունը բերեց Թբիլիսիից ժամանած Եկեղեցու հոգևոր ծառայող արժանապատիվ Տեր Հուսիկ քահանա Հարությունյանը՝ երգչախմբի հետ: Հընթացս Սուրբ և Անմահ Պատարագի, Հոգեշնորհ Հայր Սուրբը հավուր պատշաճի քարոզ խոսեց, մեկնելով օրվա ճաշու Ավետարանը: Նա ընթերցեց Մարկոսի 10-րդ գլխի 1-ից 12 համարները, որի բնաբանն էր «Արդ, մարդը թող չբաժանի այն, ինչ Աստված միացրեց»: Հայր Խորենն իր խոսքում անդրադարձ կատարեց ամուսնալուծությունների խնդրին, արժևորեց սիրո և հարգանքի վրա կառուցված ընտանիքը և հորդորեց կուռ և անսասան պահել հայկական ընտանիքը և նվիրվել նրա ամրության պահպանությանը: Հայաբնակ այս գյուղի հավատացյալները հետաքրքրությամբ ունկնդիրը դարձան օրվա քարոզի և ստացան հաղորդություն: |