Հովվական այցելություն Քվեմո Քարթլիի տարածաշրջանի Թեթրի Ծղարոյի շրջանի հայկական համայնքներ |
2015 թվականի հոկտեմբերի 8-ին, Քվեմո Քարթլիի տարածաշրջանի Մառնեուլիի շրջանի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանը, ընկերակցությամբ Թբիլիսիի Սուրբ Էջմիածին Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Նարեկ քահանա Ղուշչյանի, հովվական այցելություն իրականացրեցին Թեթրիծղարոյի շրջանի Դուռնուկ, Շամշուլդա (Սամշվիլդե) և Սամղրեթ գյուղեր: Հոգևոր հովիվները եղան Սամղրեթի 10-11-րդ դարերի կառույց Սուրբ Նշան եկեղեցում, որը վերանորոգման է ենթարկվել 19-րդ դարում և ժամերգություն կատարեցին հինավուրց տաճարում: Հոգևոր հայրերը այցելեցին նաև Շամշուլդայի (Սամշվիլդե) Սուրբ Փրկիչ եկեղեցի, հանդիպեցին տեղի բնակիչների հետ, ունկնդրեցին նրանց հուզուղ հարցերի մասին: Շարունակելով այցելությունը հոգեշնորհ Տեր Խորեն վարդապետը և արժանպատիվ Տեր Նարեկ քահանան եղան նաև Դուռնուկ գյուղում: Հետաքրքիր ու բովանդակալից անցավ նրանց զրույցը գյուղապետ Գիորգի Ջիրաշվիլու հետ: Երկուստեք քննարկեցին տեղացիներին իրենց հայրենի հող ու ջրին կապելու, հավատքին մերձեցնելու հարցերը, կարևորեցին եկեղեցական ծեսերը գյուղերում հաճախակի դարձնելու պարագան: Հոգևոր հովիվները մոմեր վառեցին և աղոթք արեցին Փոքր Դաղեթի Սուրբ Աստվածածին եկեղեցում: |
Վերջին Թարմացում on Կիրակի, 25 Հոկտեմբեր 2015 12:15 |