Սուրբ Գևորգ առաջնորդանիստ Եկեղեցու դռնբացեքի կարգ |
2015 թվականի հոկտեմբերի 30-ը վիրահայության կյանքում դարձավ հիրավի պատմական: Չնայած անձրևային եղանակին, հավատացյալներով լեփ-լեցուն էր եկեղեցու բակը: Երկամյա վերանորոգչական աշխատանքներից հետո, հավատացյալների առջև իր դռները բացեց Թբիլիսիի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցին իր վերանորոգված առաջնորդարանով, բարեկարգված բակով ու ընդարձակված տարածքով: Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ, փոխառաջնորդների և հոգևոր դասի մասնակցությամբ կատարվեց 13-րդ դարի կառույց հայոց եկեղեցու դռնբացեքի արարողությունը, օծվեցին եկեղեցու 12 սյուները, Սուրբ Սարգիս զորավար և Սրբոց Վարդանանց խորանները: Հավարտ Սրբազան արարողության,օրհնության և գնահատանքի խոսք ասաց Թեմակալ առաջնորդը: Սրբազանը երախտագիտության խոսքեր ուղղեց «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA)բարեգործական հիմնադրամին, մյուս բարերարներին, ում նվիրատվությամբ իրականացվեց եկեղեցու հիմնովին վերանորոգությունը: Թեմակալ առաջնորդը բարձր գնահատեց նախագծողների, շինարարների աննկուն աշխատանքը, ռեստավրատորների ջանքերը, որի շնորհիվ եկեղեցին հառնեց իր ամրությամբ, իր անկրկնելի որմնանկարչությամբ և կատարելությամբ: Նույն օրը Սուրբ Գևորգ եկեղեցու վերաօծման նպատակով Թբիլիսի ժամանած Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսին Վրաստան-Հայաստան սահմանի Սադախլո անցումային կետում դիմավորեցին Վիրահայոց թեմի առաջնորդը, Վրաց Ուղղափառ Եկեղեցու ներկայացուցիչները, Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավորները, հայաբնակ տարածաշրջանների պաշտոնյաներ, համայնքային գործիչներ, գործարարներ: Վեհափառ Հայրը և նրան ուղեկցող պատվիրակության անդամները հյուրընկալվեցին Վրաց Ուղղափառ Եկեղեցու Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդի մոտ: Հանդիպմանը կայացած զրույցի ժամանակ շոշափվեցին երկու քրիստոնյա Եկեղեցիների համագործակցության հարցերը: Նույն օրը երեկոյան Ամենայն Հայոց Հայրապետը և աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահը պատվիրակության անդամների հետ Կոտե Մարջանիշվիլիի անվան դրամատիկական թատրոնում ներկա գտնվեցին Մարինե Ալեսի «Ձեզանից մեկը...» երաժշտության և պոեզիայի երեկոյին, որը կայացավ 100 LIVES (IDeA)բարեգործական հիմնադրամի նախաձեռնության շրջանակում: Վաղը՝ հոկտեմբերի 31-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի ձեռամբ և բարերարների ու նվիրատուների ներկայությամբ կկայանա Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու վերաօծման կարգը: |