Հանդիպում «Վրաստան» թերթի աշխատակազմի հետ |
2015 թվականի դեկտեմբերի 9-ին, Վրաստանի Հայկական գիտա-հետազոտական կենտրոնի նախաձեռնությամբ, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ թբիլիսահայ մտավորականության և ընթերցողների հանդիպումը «Վրաստան» թերթի աշխատակազմի հետ: Գիտա-հետազոտական կենտրոնի ղեկավար Էմմա Ախտյանը հանգամանորեն ներկայացրեց 95-ամյա պարբերականի տարեգրությունը, գնահատանքի խոսքեր ուղղեց hայապահպանության գործում թերթի դերակատարության համար: Բանախոսը արժևորեց նաև խմբագիր Վան Բայբուրթյանի ազգապահպան և ազգանվեր գործունեությունը հայ համայնքի կյանքում: Իր շուրջ մեկդարյա գոյության տարիներին, չնայած հանդիպած բազում դժվարություններին ու խոչընդոտներին, թերթը պատվով ծառայել է վիրահայությանը, լուսաբանել հաջողությունները և օժանդակել ծառացած խնդիրների լուծմանը, արձանագրել հայ-վրացական կապերը,բազմադարյա ու բազմակողմանի բարեկամությունը: Վիրահայ համայնքի անդամները, ի դեմս՝ Նորայր Բաղդասարյանի, Աղասի Գևորգյանի, Լևոն Չիդիլյանի, Իրինա Ժամկոչյանի, Հենրիխ Մուրադյանի, Արմեն Բայանդուրյանի, Յուրի Սաֆարովի և այլոց, հիշատակեցին տարբեր ժամանակաշրջաններում թերթի հրատարակության ղեկի մոտ կանգնած արժանավոր աշխատողներին, բարձր գնահատեցին թերթի գործունեությունը: «Վրաստան» թերթի մյուս ակտիվ ընթերցողներն իրենց ելույթներում առաջ քաշեցին թերթը առավել դինամիկ ու արդիական տեսնելու ցանկությունը, արժանավոր նախնիների, ազգային կենտրոնների մասին նյութեր տպագրելու անհրաժեշտությունը: Խմբագիր Վան Բայբուրթյանը խոսեց Վրաստանում մայրենի լեզվով լրատվամիջոց լինելու կարևորության մասին, որը թեև ուշացումով, սակայն այնուամենանիվ հեռավոր հայաբնակ վայրերի բնակիչներին հասցնում է երկրի կյանքի քաղաքական և պաշտոնական, համայնքային նորությունները, մայր հայրենիքից ստացած լուրերը: Թերթի հրատարակության, խմբագրության կենցաղային պայմանների, նյութական միջոցների դժվարությունների շուրջ խոսեցին աշխատակիցներ Անահիտ Բոստանջյանը, Ջուլիետտա Բադալյանը և մյուսները: Վերջում իր օրհնությունը բաշխելով ներկաներին, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը շնորհավորեց «Վրաստան» թերթի աշխատակազմին և նրա ղեկավար Վան Բայբուրթյանին «Հանդուրժողականության աջակից լրատվամիջոց» անվանակարգում 2015 թվականի մրցանակին արժանանալու կապակցությամբ: Սրբազան Հայրը բարձր գնահատեց տեխնոլոգիաներով հագեցած լրատվական դաշտում մայրենի լեզվով թերթ հրատարակելու գործը, որը թերթի խմբագրությունն իրականացնում է պատասխանատվությամբ և նվիրումով: Թեմակալ առաջնորդը խմբագրությանը խոստացավ նվիրել համակարգչային հավաքածու և տպիչ: Իրենց օժանդակությունը առաջարկեցին նաև Թբիլիսիի հայպետդրամայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը, գործարար Սամվել Աղեկյանը: Թերթի խմբագրության աշխատողները պատասխանեցին ընթերցողներին հետաքրքող հարցերին: Միահամուռ ընդգծվեց «Վրաստան» թերթի անհրաժեշտությունը վիրահայ համայնքի կյանքում և կարևորվեց թերթի հրատարակության սատարումը: |