1

fb you od

Վրաստանի Կանանց խորհրդի և «Շուշանիկ» միության հանդիպումը «Հայարտուն» կենտրոնում PDF Տպել Էլ.փոստ

shushanik 

2015 թվականի դեկտեմբերի 19-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում, կայացավ Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության հանդիպումը Վրաստանի Կանանց խորհրդի ղեկավարության և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ: Վրաստանի կանանց խորհրդի (նախագահ՝ Զեքալա Շանիձե) «Պատմություն,մշակույթ, ավանդույթներ» նախագծի շրջանակներում իրականացված հանդիպման նպատակն էր այլազգիներին ծանոթացնել հայ ժողովրդի պատմության դրվագներին, ցույց տալ նմուշներ բազմադարյա մշակույթից և հարուստ ավանդույթներից:

Իրենց ներկայությամբ հանդիպումը պատվել էին Վիրահայոց թեմի հոգևոր դասը, Վրաստանի նախագահի ազգամիջյան հարաբերությունների հարցերով խորհրդական Սոփիո Շամանիդին, Թբիլիսիի ժողովրդական ժողովի ազգային փոքրամասնությունների գծով խորհրդական Ռիտա Խիդիրբեգաշվիլին, Վրաստանում ՀՀ դեսպանի տիկին Էլեոնորա Վարդանյանը, Վրաստանի ՄԱԿ-ի ասոցիացիայի ներկայացուցիչ Մակա Չիչուան, ուկրաինական, լիտվական, լատվիական, օսական, ռուսական, գերմանական և մյուս համայնքների ներկայացուցիչները:

Հյուրերի ծանոթությունը հայ մշակույթի հետ սկսվեց երջանկահիշատակ Գայանե Խաչատրյանի աշխատանքների ցուցահանդեսից:

Վրաստանի կանանց խորհրդի գործադիր նախագահ Քեթևան Գաբաշվիլին ներկայացրեց 14 ազգություններ միավորող կազմակերպության 70-ամյա գործունեությունը, կարևորեց կազմակերպության գործունեության ուղենիշներից մեկը՝ տարբեր ազգերի պատմությանը միմյանց իրազեկումը, մշակույթին ծանոթացումը և ավանդությունների հարգումը:

Վրաստանի հայ մտավորականների միության նախագահ, պատմաբան Ենոք Թադևոսյանի բանախոսությունը հայոց պատմության, ազգի երևելիների գործունեության և Հայոց Ցեղասպանության նահատակների 100-ամյակին նվիրված ոգեկոչման միջոցառումների մասին էր: Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության և Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի գործունեության մասին ներկաները իրազեկվեցին սլայդների միջոցով, որոնք ներկայացրեցին միության նախագահ Սուսաննա Խաչատրյանը և «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանը:

Տպավորիչ էր հայ բազմադարյա երգարվեստի ծաղկաքաղը, որը փայլուն կատարմամբ ներկայացրեցին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի դուդուկի և դհոլի խմբակները (ղեկավարներ՝ Իվանե Մկրտչյան, Ռոբերտ Կաշավանիձե), մենակատարներ Աննա Պողոսովա-Բադալյանը, Անի Հովհաննիսյանը և Հենրիխ Պետրոյանը:

Աշխարհի հնագույն ժողովուրդներից մեկի հարուստ ավանդույթներից նմուշ դարձավ հայկական հարսանյաց տոնահանդեսի դրվագի ցուցադրությունը՝«Անի» պարային համույթի կատարմամբ (պարուսույց Անգելինա Նազարյան-Քոչյան):

Միջոցառման ամփոփիչ խոսքում Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, փոխադարձ հարգանքի վրա հիմնված վրաց ժողովրդի և տարբեր ազգերի զավակների բարեկամությունն անվանեց այն հիմնաքարը, որը նպաստելու է Վրաստանի բարգավաճմանը և սեփական ինքնության պահպանմանը:

Հայ-վրացական բարեկամական կապերի զարգացման ոլորտում Վրաստանի կանանց խորհրդի և Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության համագործակցության համար Սուսաննա Խաչատրյանը պարգևատրվեց պատվոգրով:

Երախտագիտության խոսքեր ուղղվեցին Վիրահայոց թեմի առաջնորդարանին, «Հայարտուն» կենտրոնին, «Մովսես Խորենացի» նախակրթարանի ծնողներին, Գարի Դավթյան մշակույթի տանը», Մարգարիտա Կիրակոսյանին և Կարեն Երիցյանին, ազգային շնչով տոգորված այս հանդիպման իրականացմանը ցուցաբերած աջակցության համար:

DSC04773 DSC04783 DSC04792 

DSC04794 DSC04808 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)