Սուրբ Սարգսի տոնը Թբիլիսիի պետական համալսարանում |
Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու սիրված սրբերից՝ Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու և 14 զինվորների տոնը, 2016 թվականի հունվարի 21-ին, հանդիսավորությամբ նշվեց Թբիլիսիի Իվանէ Ջավախիշվիլու անվան պետական համալսարանում: «Հանդուրժողականության, քաղաքացիական ըմբռնողականության և ինտեգրման աջակցության ծրագրի» [PITA] շրջանակներում, միջոցառումը կազմակերպեց համալսարանի հանդուրժողականության և մշակութային բազմազանության ակումբը համալսարանի հայազգի ուսանողների և նախապատրաստական կուրսի սովորողների ակտիվ մասնակցությամբ: Միջոցառմանը ներկա էին համալսարանի ռեկտորի տեղակալ, պրոֆեսոր Դարեջան Թվալթվաձեն, բանասիրական ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար , պրոֆեսոր Նանի Գափրինդաշվիլին, վրաց լեզվից նախապատրաստման ծրագրի ղեկավար, պրոֆեսոր Կախա Գաբունիան, այս նույն ծրագրի պրոֆեսոր –մանկավարժներ, քաղաքացիական ինտեգրման և ազգամիջյան հարաբերությունների կենտրոնի ներկայացուցիչներ, ուսանողներ: Միջոցառման հյուրերի շրջանում էին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի հոգևոր ծառայող Տեր Ղևոնդ քահանա Թոփաշյանը, «Թեմի «Հայարտուն» կրթա-մշակութային և երիտասարդական կենտրոնի ղեկավար Լևպոն Չիդիլյանը և Թեմի երիտասարդական բաժնի տնօրեն Վալերի Բադալյանը: Վիրահայոց թեմի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր ծառայող Տեր Ղևոնդ քահանա Թոփաշյանը, օրհնելով ներկաներին, խոսեց Սուրբ Սարգիս զորավարի, Մարտիրոս որդու և զինակիցների Քրիստոսի ճիշտ հավատի համար պայքարի և նահատակության, Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոնդակով այդ տոնը երիտասարդների օրհնության օր հռչակելու և տոնի ժողովրդական ավանդույթների մասին: Միջոցառմանն իր աջակցությունն էր ցուցաբերել նաև Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնը, որի մշակութային խմբերի և անհատ կատարողների կողմից ներկայացված հայկական ազգային երգը, պարը, երաժշտությունը միջոցառումը դարձրին հիրավի տոնական: Միջոցառման կազմակերպիչները (դասախոս՝ Զոյա Մխիթարյան, վարող՝ ուսանողուհի Լիզա Թորոսյան) ներկայացրեցին նաև հայկական ազգային ստենդ, , որը սիրով տրամադրել էր Գարի Դավթյան տիկնիկայ՛ին մշակույթի տան տնօրեն Ժաննա Դավթյանը: Սուրբ Սարգսի տոնի ավանդական ճաշատեսակով և քաղցրավենիքով հյուրասիրությունից հետո, երիտասարդներին բաժանվեցին աղի բլիթներ, որպես Սուրբ Սարգսի կողմից երիտասարդների ապագան երազի միջոցով բարեխոսելու այդ օրվա խորհրդանիշ: |