1

fb you od

Վիրահայոց Թեմի Առաջնորդի Ուղերձը Վրաստանի Կրոնական Հարցերի Գործակալության Հաշվետվության Մասնակիցներին PDF Տպել Էլ.փոստ

3 

Հարգարժան պետական, քաղաքական, հասարակական գործիչներ,, հոգևոր եղբայրներ, սիրելի քույրեր և եղբայրներ, Վիրահայոց Թեմի հոգևոր դասի և հավատացյալների անունից ողջունում ենք բոլորիդ և աղոթում ամենքիդ արևշատության, խաղաղության և հոգու փրկության համար:

2014 թվականին Կրոնի հարցերով պետական գործակալության հիմնումը կարևոր նշանակություն ունեցավ Վրաստանում կրոնական համայնքներում կուտակված խնդիրների լուծման ուղղությամբ: Սա եվրոպական ընտանիք մտնելու՝ երկրի կողմից կարևոր քայլ էր, քանի որ Վրաստանի նոր իշխանությունները դրսևորում են կրոնական համայնքներին հետաքրքրող հիմնահարցերի նկատմամբ ուշադրություն և ընկալում: Այն արտահայտվեց իսլամական համայնքին մզկիթների և հրեական համայնքին սինագոգների վերադարձմամբ ու քրիստոնեական համայնքների աղոթատների վերադարձման պատրաստակամությամբ: Խորհրդային ամբողջատիրական վարչակարգի ընթացքում հասցված վնասի մասնակի փոխհատուցման շրջանակներում Պետության կողմից հատկացված նյութական միջոցները հնարավորություն տվեցին Թեմին ընդլայնել իր գործունեությունը թե՝ հոգևոր և թե՜ մշակութային ու կրթական ոլորտում: Օր-օրի ընդլայնում է իր աշխատանքը նաև Գործակալությունը և շահում Վրաստանում գործող կրոնական համայնքների վստահությունը: Առանձնակի ձևով հարկ է նշել խորհրդային տարիներին կրոնական համայնքներին պատճառված վնասների մասնակի փոխհատուցումը: Նշված քայլերը պետության նկատմամբ ավելացրին վստահությունը և համագործակցության ուղիներ բացեցին: Մենք բարձր ենք գնահատում Վրաստանի Իշխանությունների մոտեցումը կրոնական համայնքների խնդիրների նկատմամբ:

Լիահույս ենք, որ Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմին պատկանող տաճարների վերադարձման հարցը մոտակա ապագայում դրական որոշում կստանա:

Առաջընթաց է գրանցվել նաև հայկական պատմական հուշարձանների նկատմամբ պետության ուշադրության ոլորտում: Դրա օրինակն է «Նորաշեն» եկեղեցու ամրացման աշխատանքների կատարումը, որն իրականացվում է Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հովանավորությամբ, որը Թեմի, Վրաստանի իշխանությունների ու Վրաց Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքարանի հետ համատեղ աշխատանքի արդյունք է: Այս ամենը հույս է ներշնչում, որ այս համագործակցությունը կբերի էլ ավելի բարձր արդյունքներ:

Վիրահայոց թեմի անունից հավաստիացնում ենք, որ կշարունակենք համագործակցությունը գործակալության և նրա ղեկավար Զազա Վաշաղմաձեի հետ՝ հավատարիմ մնալով փոխադարձ վստահության և գործակցության մեր կողմից որդեգրած սկզբունքներին:

Մեր աղոթքն է, որ Աստված խաղաղության մեջ պահի Վրաստան աշխարհը և այս գեղեցիկ երկրում ապրող կրոնական և ազգային համայնքները շարունակեն խաղաղ համագործակցությամբ շենացնել մեր պապերի կողմից շեն ու բարեկարգ թողնված Վրաստանը: