Սուրբ քառասուն մանկանց հիշատակության օրը Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում |
2016 թվականի մարտի 5-ին, Սեբաստացի սուրբ քառասուն մանկանց հիշատակության օրը, Թբիլիսիի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչը՝ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը հիշատակեց 4-րդ դարի սկզբին նահատակված 40 վկաներին, ովքեր Փոքր Հայքի տարբեր քաղաքներից էին և զինվորական ծառայության մեջ էին Սեբաստիա քաղաքի կայսերական գնդում: Հավատարիմ մնալով իրենց քրիստոնեական հավատին, նրանք նահատակվում են: Նրանց նշխարներն ամփոփվում են Սեբաստիայում, որտեղ և հետագայում կառուցվում է «Քառասուն մանկունք» 40 գմբեթանի տաճարը, որ կանգուն է եղել մինչեւ Լենկթեմուրի արշավանքը: Պատարագի ընթացքում եկեղեցում 40 վառվող մոմերով զարդարված սեղանը խորհրդանշորեն վկաների հավատարմությունն էր քրիստոնյա հավատին, և նրանց նահատակությունը, որ երևում է լուսե պսակներով: Իսկ տանջանքներին չդիմացող նահատակի մոմը, որ մնացել էր առանց ծաղկի, խորհրդանշում էր նրա զրկվելը երկրային և երկնային կյանքից: Հավարտ Պատարագի Վիրահայոց թեմի առաջնորդը քարոզ խոսք ասաց օրվա խորհրդի մասին: Վազգեն Սրբազանը 40 մանկանց պատմության օրինակով հորդորեց ներկաներին կյանքի բոլոր դժվարությունների մեջ անգամ հավատարիմ մնալ Քրիստոսի հավատին, ապրելով հավատքով, լինել զոհաբերության հանձնառու, հաղթահարել դյուրահաճ գայթակղությունները` երկնային պսակին արժանանալու համար: Հավարտ պատարագի՝ հոգևոր հայրերի կողմից կատարվեց բուսական յուղի ավանդական օրհնությունը, որը հավատացյալները տարան իրենց տները: |