Ուխտագնացություն Ախալցիխեի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի |
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոները նշանավորելը և ուխտագնացությունների միջոցով հավատքն ամրապնդելը Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի գործունեության նպատակներից մեկն է: 2016 թվականի մարտի 12-ին, Սուրբ Գրիգոր Լուսավորչի Խոր Վիրապ մտնելու հիշատակության օրվա կապակցությամբ Վիրահայոց Թեմի երիտասարդական բաժինը ուխտագնացություն կազմակերպեց Ախալցիխեի նույնանուն հինավուրց եկեղեցի: Ուխտագնացությունն իրականացվեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի առաջարկությամբ և աջակցությամբ: Վաղ առավոտյան թեմի երիտասարդական բաժնի շուրջը համախմբված 50 երիտասարդներ, Երիտասարդական բաժնի տնօրեն Վալերի Բադալյանի գլխավորությամբ, ակտիվիստներ Նինա Սերոպովայի, Գևորգ սարկավագ Անտոնյանի, Սուրեն Աբրամյանի և Գևորգ Պողոսովի ուղեկցությամբ ճանապարհ ընկան դեպի Ախալցիխե: Ուխտավորները ներկա գտնվեցին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Ախալցիխե քաղաքի հոգևոր հովիվ Տեր Հակոբ աբեղա Սահակյանի մատուցած Սուրբ և Անմահ Պատարագին: Ներկաները հետաքրքրությամբ ունկնդրեցին օրվա խորհրդի՝ Հայոց առաջին հովվապետի 13-տարի Խոր Վիրապում կրած անասելի չարչարանքների մասին Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության Ախալցիխեի շրջանի հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Թորգոմ քահանա Վարդանյանի քարոզ խոսքը: Մոմեր վառեցին Գրիգոր Լուսավորչի հիշատակին, իրենց աղոթքում հայցելով համաքրիստոնեական սրբի բարեխոսությունը: Ուխտավորները իրենց ուխտը շարունակեցին Ախալցիխեի «Քույր և եղբոր» մատուռումը և տեղի Սուրբ Նշան եկեղեցում: Թբիլիսիից ժամանած երիտասարդների խումբը հյուրընկալվեց նաև Ախալցիխեի երիտասարդական կրթա-մշակութային կենտրոնում: Կենտրոնի աշխատանքների համակարգող Էդուարդ Այվազյանը ներկայացրեց տեղի երիտասարդական կենտրոնի գործունեությունը, ուրվագծեց ապագայի տեսլականը: Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի ղեկավարը Ախալցիխեի երիտասարդական կենտրոնի ղեկավարի հետ կիսվեց Վրաստանի և ՀՀ երիտասարդական նախարարությունների աշխատանքի փորձով: Երկուստեք պատրաստակամություն հայտնեցին համատեղ միջոցառումներ անցկացնելու մասին: Հանդիպման վերջում «Հայարտուն» կենտրոնի «Տարոն» պարային խումբը տանտերերին նվիրեց «Քոչարի» ազգային պարի կատարումը: Ուշ երեկոյան ուխտավորները Սուրբ Գրիգոր Լուսավորչի շնորհներով հոգեպես հարստացած վերադարձան Թբիլիսի:
|