1

fb you od

Ուխտագնացություն Ախալցիխեի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի PDF Տպել Էլ.փոստ

DSC059294 

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոները նշանավորելը և ուխտագնացությունների միջոցով հավատքն ամրապնդելը Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի գործունեության նպատակներից մեկն է:

2016 թվականի մարտի 12-ին, Սուրբ Գրիգոր Լուսավորչի Խոր Վիրապ մտնելու հիշատակության օրվա կապակցությամբ Վիրահայոց Թեմի երիտասարդական բաժինը ուխտագնացություն կազմակերպեց Ախալցիխեի նույնանուն հինավուրց եկեղեցի: Ուխտագնացությունն իրականացվեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի առաջարկությամբ և աջակցությամբ:

Վաղ առավոտյան թեմի երիտասարդական բաժնի շուրջը համախմբված 50 երիտասարդներ, Երիտասարդական բաժնի տնօրեն Վալերի Բադալյանի գլխավորությամբ, ակտիվիստներ Նինա Սերոպովայի, Գևորգ սարկավագ Անտոնյանի, Սուրեն Աբրամյանի և Գևորգ Պողոսովի ուղեկցությամբ ճանապարհ ընկան դեպի Ախալցիխե:

Ուխտավորները ներկա գտնվեցին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Ախալցիխե քաղաքի հոգևոր հովիվ Տեր Հակոբ աբեղա Սահակյանի մատուցած Սուրբ և Անմահ Պատարագին: Ներկաները հետաքրքրությամբ ունկնդրեցին օրվա խորհրդի՝ Հայոց առաջին հովվապետի 13-տարի Խոր Վիրապում կրած անասելի չարչարանքների մասին Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության Ախալցիխեի շրջանի հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Թորգոմ քահանա Վարդանյանի քարոզ խոսքը: Մոմեր վառեցին Գրիգոր Լուսավորչի հիշատակին, իրենց աղոթքում հայցելով համաքրիստոնեական սրբի բարեխոսությունը:

Ուխտավորները իրենց ուխտը շարունակեցին Ախալցիխեի «Քույր և եղբոր» մատուռումը և տեղի Սուրբ Նշան եկեղեցում:

Թբիլիսիից ժամանած երիտասարդների խումբը հյուրընկալվեց նաև Ախալցիխեի երիտասարդական կրթա-մշակութային կենտրոնում: Կենտրոնի աշխատանքների համակարգող Էդուարդ Այվազյանը ներկայացրեց տեղի երիտասարդական կենտրոնի գործունեությունը, ուրվագծեց ապագայի տեսլականը: Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի ղեկավարը Ախալցիխեի երիտասարդական կենտրոնի ղեկավարի հետ կիսվեց Վրաստանի և ՀՀ երիտասարդական նախարարությունների աշխատանքի փորձով: Երկուստեք պատրաստակամություն հայտնեցին համատեղ միջոցառումներ անցկացնելու մասին: Հանդիպման վերջում «Հայարտուն» կենտրոնի «Տարոն» պարային խումբը տանտերերին նվիրեց «Քոչարի» ազգային պարի կատարումը:

Ուշ երեկոյան ուխտավորները Սուրբ Գրիգոր Լուսավորչի շնորհներով հոգեպես հարստացած վերադարձան Թբիլիսի: 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)