Վրաստանի վարչապետը այցելեց Սուրբ Գևորգ եկեղեցի |
2016 թվականի մարտի 27-ին, Սուրբ Հարության տոնին, Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի այցելեց և Սուրբ Պատարագին ներկա գտնվեց Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին: Երկրի վարչապետին ուղեկցող պատվիրակության կազմում էին Վրաստանի Կրոնի հարցերով պետական գործակալության նախագահ Զազա Վաշախմաձեն, Բռնագրավված և բռնի վերաբնակեցվածների ու փախստականների նախարար Սոզար Սուբարը, Թբիլիսիի Ժողովրդական ժողովի նախագահ Գիորգի Ալիբեգաշվիլին և այլ պաշտոնյաներ: Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին վրացահայությանը, ինչպես նաև այդ օրը Քրիստոսի Սուրբ Հարության տոնը նշող բոլոր հավատացյալներին, շնորհավորեց Սուրբ Զատիկի տոնի կապակցությամբ և նշեց, որ Սուրբ Հարության տոնը չարի դեմ բարու, խավարի դեմ լույսի հաղթանակն է: Վարչապետ Կվիրիկաշվիլին կարևորեց հայերի և վրացիների դարավոր բարեկամությունը, որին պետք է զգույշ վերաբերվել և ընդգծեց, որ Վրաստանը հպարտ է իր երկրի հայազգի զավակներով, որոնք վրացիների հետ միասին կառուցում են մի երկիր, որը բազմազգ մշակույթի, տարբեր ժողովուրդների համագոյակցության օրինակ է ամբողջ աշխարհում: Այդ օրը Բաթումիի «Սուրբ Փրկիչ» եկեղեցում Զատկական Սուրբ Պատարագ մատուցեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Բաթումիի հայության Սուրբ Զատիկը շնորհավորեցին և Սուրբ Պատարագին մասնակցեցին Աջարիայի Ինքնավար Հանրապետության վարչապետ Արչիլ Խաբաձեն, Բաթումի քաղաքապետ Գիորգի Երմակովը, Աջարիայի կրթության, մշակույթի և սպորտի նախարար Գիորգի Թավամաիշվիլին, Բաթումիում Իրանի Իսլամական Հանրապետության Գլխավոր հյուպատոս Հուսեյն Մաշհադին, Բաթումիում ՀՀ Գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը: Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնին նվիրված Սուրբ Պատարագներ մատուցվեցին Վիրահայոց թեմի մյուս եկեղեցիներում: |