«Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանի 2015-16 ուս. տարվա հունձքը |
Վիրահայոց թեմի «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանն այս տարի կունենա 16 շրջանավարտ: 2016 թվականի մայիսի 18-ին, Վիրահայոց թեմի կրթության բաժնի տնօրեն, «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանի ղեկավար Եվգենյա Մարկոսյանի և Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի տնօրեն Լևոն Չիդիլյանի առաջնորդությամբ ու ապագա դպրոցականների ծնողների ուղեկցությամբ, նախակրթարանի սաները այցելեցին թիվ 104 դպրոց և հանդիսավորապես անցան հայերեն ուսուցմամբ այս կրթօջախում առաջին դասարան ընդունվելու գրանցում: Երեխաները մասնակցեցին դպրոցի տնօրեն Իրինա Ժամկոչյանի և ուսմասվար Ալմարի Սիրադեղյանի հետ հարցազրույցին, որի ընթացքում ապագա առաջինդասարանցիները ցուցաբերեցին պատշաճ գիտելիքներ: Նրանք ցույց տվեցին Վրաստանի և Հայաստանի Հանրապետության դրոշները և կատարեցին երկու երկրների պետական օրհներգերը, արտասանեցին հայկական ավանդական խաղիկներ: Դպրոցի ղեկավարներն իրենց գոհունակությունը հայտնեցին նախակրթարանի տնօրենին և «Հայարտուն» կենտրոնին՝ բազմակողմանի և լավ պատրաստված երեխաներ դպրոց ուղղորդելու համար: Նախակրթարանի տնօրինության կողմից մանրակրկիտ և ճշգրիտ պատրաստված փաստաթղթերի և ծնողների դիմումների հիման վրա նախակրթարանի 16 շրջանավարտներից 11 կսովորի հայերենով ուսուցմամբ դպրոցներում: Սաներից 10-ն իր ուսումը կշարունակի Թբիլիսիի թիվ 104 դպրոցում և մեկը՝ թիվ 103 հանրային դպրոցի հայկական բաժնում: |