Թումանյանական ցերեկույթ Բաթումի Ալեքսանդր Մանթաշովի անվան կենտրոնում |
2016 թվականի մայիսի 22-ին տոնական տեսք էր ստացել Վիրահայոց թեմի Բաթումիի Ալեքսանդր Մանթաշովի անվան կրթա-մշակութային և երիտասարդական կենտրոնը: Տեղի ստեղծագործական խմբերի համախմբված ուժերով գեղեցիկ միջոցառումը նվիրված էր Հովհաննես Թումանյանի հիշատակին: Կենտրոնի ասմունքի և թատերական խմբերի ուսուցչուհի Սաթենիկ Դանիելյանի ղեկավարությամբ կազմակերպված միջոցառմանը ընդգրկվել էին «Աղբյուր» երգչախումբը խմբավար Ռուզաննա Հովհաննիսյանի և «Հեղնար» պարային խումբը պարուսույց Մերինե Պողոսյանի գլխավորությամբ: Թատերականացված ձևավորումով և գեղեցիկ կատարումներով ներկայացվեցին Հովհաննես Թումանյանի քառյակները, հեքիաթները, հատվածներ Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայից: Ուշագրավ էր տոնական այն խանդավառությունը, որը համակել էր բոլորին՝ մեծից-փոքր, ցերեկույթի մասնակցին և հանդիսատեսին: Նպատակը մեկն էր սերունդներին փոխանցել միշտ արդիական, իրենց հնչեղությունն ու խոհա-փիլիսոփայականությունը պահպանած Ամենայն հայոց բանաստեղծի ստեղծագործությունը: Հավարտ ցերեկույթի Ալեքսանդր Մանթաշով կենտրոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը գոհունակության խոսքեր ուղղեց միջոցառման կազմակերպիչներին իրենց նվիրական աշխատանքի, հայ մանուկին հայեցի դաստիարակելու համար: Կենտրոնի ղեկավարը բարձր գնահատեց կենտրոնի բոլոր սովորողների ժրաջան ուսումնառությունը, իսկ ծնողներին երախտագիտություն հայտնեց իրենց երեխաներին հայկական ոգով մեծացնելու համար: Վերջում օրհնության և գնահատանքի խոսքով հանդես եկավ Վիրահայոց թեմի Աջարիայի, Գուրիայի և Իմերեթիի հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը: Արժանապատիվ Տեր Հայրը ներկաներին փոխանցեց Վիրահայոց թեմի առաջնորդի օրհնությունը և սերը: Հոգևոր Հայրը արժևորեց այն առաջընթացը, որ ակնհայտորեն տեսանելի է կենտրոնի ստեղծագործական խմբերի սաների ելույթներում: Թումանյանական հիշատակի ցերեկույթը դարձավ գեղեցիկ էջ Բաթումի Ալեքսանդր Մանթաշովի անվան կենտրոնի տարեգրությունում: |