Թբիլիսահայերի ուխտագնացությունը Ախալցիխե |
2016 թվականի մայիսի 28-ին, Սուրբ Գրիգոր Լուսավորչի Ելն ի Վիրապի տոնի առիթով Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր դասի նախաձեռնությամբ, կազմակերպվեց թբիլիսահայ հավատացյալների ուխտագնացությունը Ախալցիխեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցի: Սուրբ Գևորգ Եկեղեցու լուսարարապետ Տեր Ղևոնդ քահանա Թոփաշյանի և Գևորգ սարկավագ Անտոնյանի առաջնորդությամբ ուխտավորները մասնակցեցին Սուրբ Գրիգոր Լուսավորչի անունը կրող եկեղեցում տոնի առիթով մատուցված Սուրբ և Անմահ Պատարագին, պատարագիչ՝ Ախալցիխե քաղաքի հոգևոր հովիվ Տեր Հակոբ աբեղա Սահակյան: Հընթացս Սուրբ Պատարագի Տեր Ղևոնդ քահանա Թոփաշյանը հավատացյալներին հավուր պատշաճի մեկնաբանեց օրվա խորհուրդը, Սուրբ Գրիգոր Լուսավորչի հավատարմությունը քրիստոնեական հավատքին և 13 տարվա բանտարկությունից հետո ելքը Խոր Վիրապից ու քրիստոնեության տարածումը Հայոց երկրում: Տեր Հայրը հորդորեց ներկաներին Հայոց Առաջին Հայրապետի օրինակով անսասան մնալ իրենց հավատքին և ապավինել մեր Սուրբերի զորակցությանը: Ուխտավորները իրենց սրտի փափագի աղերսով մոմեր վառեցին և աղոթք բարձրացրին նաև Ախալցիխե քաղաքի Սուրբ Նշան եկեղեցում: Թբիլիսահայ հավատացյալների խումբը այցելեց Վարձիա պատմա-մշակութային համալիր, դիտեց ճարտարապետական համալիրի տեսարժանությունները: Ուշ երեկոյան թբիլիսահայ ուխտավորների խումբը վերադարձավ Թբիլիսի: |