Սարկավագական քննություն Վիրահայոց թեմում |
2016 թվականի հունիսի 3-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ և Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի տնօրինությամբ, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում անցկացվեց սարկավագական քննություն: Քննությունն ընթացավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարանի 4-րդ լսարանի 2014-2015 ուսումնական տարվա պետական ավարտական սարկավագական քննության հարցաշարի համաձայն: Քննությանը մասնակցում էին Հովսեփ ուրարակիր Չիրախյանը և Գևորգ ուրարակիր Անտոնյանը (Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի), Օթար ուրարակիր Գիգաուրին (Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցի) և Պետրոս դպիր Գասպարյանը (Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցի): Քննական հանձնաժողովը, Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի (նախագահ), առաջնորդի օգնական Հոգեշնորհ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանի, Ախալքալաքի և մերձակա գյուղերի հայության հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանի և Թբիլիսիի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցու լուսարարապետ արժանապատիվ Տեր Ղևոնդ քահանա Թոփաշյանի, ծավալուն և հանգամանալից քննություն անցկացրեց: Քննական հանձնաժողովը բավարար գնահատեց թեկնածուների՝ ժամակարգության, շարականագիտության և ծիսական-գործնական գիտելիքներն ու հմտությունները և երաշխավորեց Թեմակալ առաջնորդին՝ նրանց արժանացնել սարկավագական ձեռնադրության: |