«Ներսես Շնորհալի» երգչախումբը Դիլիջանում |
2016 թվականի հունիսի 24-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի «Ներսես Շնորհալի» պատանեկան երգչախումբը, խմբավար Մարիա Աբուլյանի, դաշնակահար Կարեն Միրզոյանի, Թեմի մշակույթի բաժնի տնօրեն, «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանի, երիտասարդական բաժնի տնօրեն Վալերի Բադալյանի, երիտասարդական ծրագրերի համակարգող Նինա Սերոպովայի առաջնորդությամբ հյուրընկալվեց Դիլիջանի համայնքային կենտրոնում: «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» IDeA բարեգործական հիմնադրամի Դիլիջան քաղաքի զարգացման ծրագրի շրջանակներում գործող համայնքային կենտրոնի «Փոքրիկ երգիչներ» երգչախումբը (խմբավար՝ Սերինե Խաչատրյան, դաշնակահարուհի Մարգարիտա Ոսկանյան) վերջերս համերգային ծրագրով հանդես էր եկել Թբիլիսիում և սա «Ներսես Շնորհալի» երգչախմբի փոխադարձ այցելությունն էր Դիլիջան: Երկու երկրների մշակութային կենտրոնների սաների հանդիպումը ջերմ էր և հոգեբուխ: Դիլիջան քաղաքի հոգևոր հովիվ, արժանապատիվ Տեր Շավարշ քահանա Սիմոնյանի օրհնությունը և բարիգալստյան մաղթանքը ստանալուց հետո, «Ներսես Շնորհալի» երգչախումբը դիլիջանցիներին ներկայացրեց իր համերգային ծրագիրը հայերեն, վրացերեն և ռուսերեն երգերի կատարումներով: Համերգն ավարտվեց երկու կենտրոնների երգչախմբերի միասնական երգով ու պարով: Ի նշանավորում բարեկամական այցելության, «Հայարտուն» կենտրոնի տնօրենը Դիլիջանի համայնքային կենտրոնին փոխանցեց հուշանվեր: Թբիլիսիից ժամանած հյուրերը ծանոթացան Դիլիջանի համայնքային կենտրոնի կառուցվածքին, գործունեության ուղղություններին, երգի, պարի, համակարգչային և լեզուների ուսուցման դասընթացներին, տեղեկացան, որ ընդհանուր առմամբ կենտրոն է հաճախում տարբեր տարիքի շուրջ 400 աշակերտ: Հյուրերը դիլիջանցիների ընկերակցությամբ այցելեցին ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանի, նրա տիկնոջ Վերոնիկա Զոնաբենդի և այլ համախոհ գործարարների նախաձեռնությամբ և աջակցությամբ գործող Դիլիջանի միջազգային դպրոցը: Ուսուցման բարձրակարգ մեթոդը, ժամանակակից բոլոր պարագաներով հագեցած մարզահրապարակները, լողավազանը, դահլիճները, կինոսրահը, արդի սարքավորանքներով արհեստանոցները, դասասենյակները հիացմունքի հետ միասին երեխաների մեջ արթնացրին այդ կրթօջախում սովորելու մեծ ցանկություն: «Հայարտուն» կենտրոնի «Ներսես Շնորհալի» և Դիլիջանի «Փոքրիկ երգիչներ» երգչախմբերի անդամների մտերմությունը առավել ջերմացավ Հաղարծին վանքային համալիր կատարած այցելությամբ: Հինավուրց հոգևոր կոթողում երեխաները ոչ միայն մոմեր վառեցին և աղոթք արեցին, այլև միասին երգեցին հայոց շարականները: Սրտառուչ հրաժեշտից հետո դիլիջանցիները վերադարձան իրենց քաղաքը, իսկ ներսեսշնորհալցիները շարունակելով ճանապարհը այցելեցին 13-րդ դարի կառույց Գոշավանք, լսեցին Մխիթար Գոշի, ում անունով կոչվում է վանքը, գրած Դատաստանագրքի մասին, որը հայոց և միջազգային իրավունքի պատմության մեջ եղել է մեծ իրադարձություն: |