1

fb you od

Կոնֆերանս «Միջկրոնական երկխոսություն՝ հանուն խաղաղության» թեմայով PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

4128IMG 7692
 

2016 թվականի հուլիսի 25-ին, Կրոնի հարցերով Վրաստանի պետական գործակալության նախաձեռնությամբ, Թբիլիսիի «Քորթիարդ Մարիոտ» հյուրանոցում կայացավ կոնֆերանս «Միջկրոնական երկխոսություն՝ հանուն խաղաղության» թեմայով: Կոնֆերանսին մասնակցում էին Վրաստանում գործող տասը կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչները, Վրաստանի խորհրդարանի, Վրաստանի կառավարության անդամները, դիվանագիտական կորպուսի, Կրոնի գործակալության գործընկեր բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները:

Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությամբ կոնֆերանսին մասնակցեց Թեմակալ Առաջնորդի օգնական հոգեշնորհ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանը ուղեկցությամբ՝ Թեմի իրավական և համագործակցության բաժնի տնօրեն Միքայել Ավագյանի և Վրաստանում հայկական հոգևոր արժեքների ուսումնասիրության բաժնի ղեկավար Դիանա Տեր Բաղդասարովայի:

Բացելով կոնֆերանսը Կրոնի հարցերով Վրաստանի պետական գործակալության նախագահ Զազա Վաշախմաձեն  անդրադարձ կատարեց աշխարհում կրոնական հողի վրա ընթացող հակասություններին և կարևորեց տարբեր կրոնների միջև երկխոսության նշանակությունը խաղաղ և հանդուրժողական գոյակցության համար:

Կոնֆերանսում ելույթ ունեցան տարբեր համայնքների ներկայացուցիչները: Բանախոսները միանշանակ ընդգծեցին կրոնական համայնքների միջև փոխհարաբերությունների զարգացումը որպես խաղաղության հաստատման անհրաժեշտ գործոն, կարևորեցին կրոնի ուսուցումը երիտասարդների շրջանում և սիրո ու հարգանքի սերմանումը հասարակության մեջ:

Հոգեշնորհ Տեր Խորեն վարդապետ Հովհաննիսյանն իր ելույթում ի մասնավորի ասաց. «...Մենք պարտավոր ենք, հանուն ավելի լավ Վրաստանի և հանուն ավելի լավ աշխարհի, ոչ թե մերժել ու ստորադասել այլ ազգի կամ այլ կրոնի ներկայացուցիչներին ու փոքրամասնություններին՝ նրանց տարբեր լինելու պատճառով, այլ պարտավոր ենք նրանց ընդունել ու հարգել, ինչպես որ կան: Մեր տարբերությունները և միատեսակ չլինելը ոչ թե բաժանում են մեզ, այլ գեղեցկացնում են: Սուրբ Գիրքն ասում է. «Սիրեցէք զմիմեանս»՝ չի ասում սիրեք հրեային, քրիստոնյային, իսլամին կամ այլ կրոնի և ազգի ներկայացուցչի, այլ ասում է՝ սիրեցեք զմիմեանս, այսինքն՝ բոլորին: Մեր գեղեցկությունը մեր բազմազանության մեջ է:»

Հոգեշնորհ Հայր Սուրբն իր խոսքը եզրափակեց, անդրադառնալով Վրաստանում զանգվածային լրատվամիջոցներին և ասաց. «...Վրաստանի այսօրվա իրականության մեջ մեծ բաց ենք համարում այն, որ հեռուստաալիքները հաճախ զլանում են լուսաբանել փոքրամասնությունների կարևոր և նշանակալի տոները և միջոցառումները, որի պատճառով վրաց հասարակությունը հաճախ անտեղյակ է լինում իր կողքին ապրող փոքրամասնությունների մասին: Հաշվի առնելով այլ երկրների օրինակը, վստահ ենք, որ հեռուստաալիքների կողմից փոքրամասնություններին ավելի շատ հարթակ և ժամանակ տրամադրելը կնպաստի, որ Վրաստանում ապրողներս իրար ավելի լավ ճանաչենք, ավելի լավ հասկանանք և ընդունենք:

Հայոց Կաթողիկոս Ներսես Շնորհալին (12-րդ դար) իր «Գիր հաւատոյ խոստովանուեան» գրության մեջ ասում է. «Միութիւն ի կարեւորս, ազատութիւն յերկբայականս եւ սէր յամենայնի»: Ութ հարյուր տարի առաջ արտահայտված այս իմաստուն միտքը այսօր ևս արդիական է:

Թող Աստված օրհնի Վրաստանը և Վրաստանում ապրող բազմազգ ժողովուրդներին:

Կոնֆերանսի մասնակիցների կողմից ընդունվեց հռչակագիր, որի ներքո իրենց ստորագրությունը դրեցին Վրաստանի կրոնական համայնքների ներկայացուցիչները: Կոնֆերանսի աշխատանքն ամփոփեց Կրոնի հարցերով Վրաստանի պետական գործակալության նախագահ Զազա Վաշախմաձեն:

5405IMG
 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)