1

fb you od

«Հայարտուն» կենտրոնը «Իմ Հայաստան» համահայկական փառատոնին PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

pharaton 

ՀՀ սփյուռքի նախարարության 2016 թվականի «Իմ Հայաստան» համահայկական փառատոնը նվիրված էր Հայաստանի անկախության 25-ամյակին: Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի (տնօրեն՝ Լևոն Չիդիլյան) ստեղծագործական խմբերը այս տարի ևս մեծ խանդավառությամբ մասնակցեցին փառատոնի շրջանակներում կազմակերպվող միջոցառումներին: «Ներսես Շնորհալի» երգի պատանեկան համույթը (խմբավար՝ Մարիա Աբուլյան, դաշնակահար՝ Կարեն Միրզոյան), «Տարոն» պարային խումբը (պարուսույց՝ Սուրեն Աբրամյան) մայր հայրենիքում հավուր պատշաճի ցուցադրեցին ազգային մշակույթի պահպանման և զարգացման գործում ունեցած իրենց հաջողությունները:

Սեպտեմբերի 22-ին մեկնարկեց դուդուկի և այլ նվագարանների համահայկական փառատոնը: 2012 թվականից, ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ իրականացվող դուդուկի փառատոնն իր ազդեցությունն է ունեցել հայկական ծիրանափողն ավելի հանրահռչակելու գործում: Ժողովրդական, ազգագրական երգերի և հայ մեծանուն կոմպոզիտորների, գուսանների ստեղծագործությունների կատարումներով հանդես եկան Ռուսաստանից, Իրանից, Կանադայից, Գերմանիայից , Արցախից և Հայաստանի տարբեր քաղաքներից ու շրջաններից ժամանած դուդուկահարներ և դուդուկի դասարանի սաները: Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի դուդուկի դասարանը ներկայացրեցին ուսուցիչ Իվանե Մկրտչյանը և նրա սան Ալեքս Բազոյանը: Նրանք Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը մասնակցեցին փառատոնի բացման շքահամերգին, Թալին քաղաքում կազմակերպված համերգին և Գավառում՝ փառատոնի փակման հանդիսավոր արարողությանը, կատարելով Սայաթ-Նովայի անմահ «Քամանչան» և քաղաքային մեղեդիների շարքը:

Դուդուկի և այլ նվագարանների համահայկական փառատոնի մասնակիցներին ընդունեց ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Տիկին նախարարը շնորհակալություն հայտնեց փառատոնի մասնակիցներին՝ դուդուկի միջոցով աշխարհի տարբեր երկրներում հայ ազգային երաժշտությունը լսելի դարձնելու, մեր ազգային ծիրանափողը պահելու և պահպանելու համար:

Անմոռաց մնացին փառատոնի շրջանակներում այցելությունները Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, Հայաստանի ազգային պատկերասրահ, Գառնու հեթանոսական տաճար և Գեղարդի վանք, Օշականում ծաղիկներ խոնարհեցին Մեսրոպ Մաշտոցի շիրիմին, Թալինում՝ ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի հուշարձանին և այլ վայրերում:

Հավելենք, որ մտադրություն կա կազմակերպել ազգային նվագարանների միջազգային փառատոն, որը հնարավորություն կընձեռի մեկ բեմում համախմբելու հայ և օտար երաժիշտներին: 

1 1 1 6 1 3 1 5 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)