Վիրահայոց թեմի առաջնորդարանի պաշտոնեության ընդհանուր ժողովը |
Լուրեր |
2016 թվականի դեկտեմբերի 26-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ թեմի առաջնորդարանի պաշտոնեության, բաժինների և «Հայարտուն» կրթա-մշակութային և երիտասարդության կենտրոնի տարեվերջի ընդհանուր ժողովը: Ժողովը նախագահեց Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Ժողովին ներկա էին հոգևոր դասը և առաջնորդարանի բաժինների աշխատակիցները: Ժողովը սկսվեց Տերունական աղոթքով և Վիրահայոց թեմի առաջնորդի օրհնությամբ: Ժողովի օրակարգում դրված էր երկու հարց. ա) Թեմի՝ 2016 թվականի գործունեության ամփոփում, բ) Նոր՝ 2017 թվականի տեսլականը: Թեմակալ առաջնորդն ընդգծեց, որ Հայոց Եկեղեցին է ամեն առավոտ իր դուռը բացում հայ մարդու առաջ, աղոթքի զորությամբ և հույսի ներշնչմամբ զորավիգ լինում ու քաջալերում հավատացյալ հոտի յուրաքանչյուր անդամին: Վիրահայոց թեմի առաջնորդը գնահատեց հոգևոր դասի ծառայությունը, առաջնորդարանի պաշտոնեության և «Հայարտուն» կենտրոնի աշխատանքը: Անդրադառնալով բաժինների գործունեությանը, Վազգեն Սրբազանը բարձր գնահատեց բաժինների հաջողությունները, որոնք ձեռք են բերվել ջանադիր և նվիրական աշխատանքով, թերևս արձանագրեց նաև նկատելի թերի կողմերը, որոնք լրացնելու նպատակով անհրաժեշտ է ուժեղացնել աշխատանքը նախակրթարանում և մայրենիի ուսուցման մեկօրյա դպրոցներում անհատական պարապմունքների ձևաչափով: Արժևորելով ստեղծագործական խմբերի կայացման գործոնը, Թեմակալ առաջնորդը կարևորեց խմբակների գործունեության հետագա զարգացումը: Տեր Վազգեն եպիսկոպոսը հանգամանալից ներկայացրեց 2017 թվականի տեսլականը: Սրբազան Հայրը մանրամասնեց «Վերնատուն» կենտրոնի շին-վերանորոգչական աշխատանքների ընթացքը և ավարտի ժամկետները, կենտրոնի գործունեության հեռանկարները: Սրբազան հայրը անդրադարձ կատարեց Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում շինարարական աշխատանքների վերսկսմանը և նախագծերին, որոնք իրականացվելու են IDeA հիմնադրամի աջակցությամբ և համագործակցությամբ: Կարևորվեց սոցիալական բաժնի գործունեության ընդարձակումը, որը կիրականացվի կալանավայրեր և հիվանդանոցներ հոգևոր հայրերի պարբերական այցելությամբ, սոցիալական աջակցությամբ, նյութական օգնությամբ: Սրբազան Հայրը երախտագիտությամբ խոսեց վրացական պետության կողմից Թեմին ցուցաբերվող նյութական օժանդակության, Վրաց Ուղղափառ Եկեղեցու հետ քրիստոնեական սիրով տոգորված բարեկամության և համագործակցության մասին: Ընդհանուր ժողովն ավարտվեց Վիրահայոց թեմի Ամանորյա և Սուրբծննդյան մաղթանքով: Ժողովի մասնակիցները ստացան նաև ամանորյա գեղեցիկ նվերներ: |