1

fb you od

Երեխաների պաշտպանության օրը Վիրահայոց թեմի եկեղեցիներում PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

a1 

2017 թվականի հունիսի մեկին աշխարհի բազում երկրներում նշվեց երեխաների պաշտպանության միջազգային օրը: Օրը հիրավի տոնական դարձավ նաև Վրաստանի մայրաքաղաքում և  տարբեր տարածաշրջաններում բնակվող հայ երեխաների համար: Վիրահայոց թեմի առաջնորդի օրհնությամբ և աջակցությամբ թեմի եկեղեցիներում  կազմակերպվեցին տարբեր միջոցառումներ երեխաների մոտ բարձր տրամադրություն ստեղծելու և ուրախ անակնկալներ  մատուցելու համար:

Տոնը մեկնարկեց Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու  բակում, Թեմի «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանի սաների համար կազմակերպված տոնահանդեսով: Ուրախ երաժշտությունը, մանկական զվարճալի երգն ու պարը տրամադրող էին: Ազգային տարազով զուգված խաղվարներ Հենրիխ Պետրոսյանը և Մարի Պողոսովան   խաղ-մրցույթներին ներգրավեցին բոլոր մանուկներին: Առավել մեծահասակները, որ շուտով դպրոցական են դառնալու, ընդգրկվեցին ուսուցչուհի Թամարա Սուլխանիշվիլու կազմակերպած մանկական  նկարի մրցույթին, իսկ նախակրթարանի  ուսուցիչներ Եվգենյա Մարկոսյանը, Աքսանա Շարոյանը և  Մետաքսյա Ղազարյանը  սկսեցին նկարազարդել  երեխաների դեմքերը, մեծ ուրախություն պարգևելով նրանց: Հաճելի անակնկալ էր Միկիի արտահագուստով Մարինա Սումախյանի հայտնվելը և որպես խաղաղության առհավատչյա փուչիկների  բացթողնելը օդի մեջ:
Իսկ Սուրբ Գևորգ  առաջնորդանիստ եկեղեցու բակի  տերն ու տնօրենը   թիվ 103 և թիվ 104 հանրային դպրոցների տարրական դասարանների  սաներն էին: Եկեղեցու ներսում Տերունական աղոթքն ասելուց և Վիրահայոց թեմի առաջնորդի օրհնությունը ստանալուց հետո,  արժանապատիվ Տեր Սամվել քահանա Թորոսյանը երեխաներին առաջարկեց ասֆալտի վրա նկարել խաղաղության ցանկությամբ իրենց մտացածը:
Այստեղ արդեն խաղվար Արամ Հարությունյանը դարձել էր երեխաների կողմից սիրված իսկական սպայդերմեն: Դպրոցականների մասնակցությամբ ուրախ երգ ու պարը, խաղ-մրցույթներն ուղեկցվում էին բուռն ծափահարույուններով և զվարթ բացականչություններով:
Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը,  որ միջոցառման ընթացքում ներկա էր  երեխաների ուրախությանը, խաղաղության թեման  խորիմաստ նկարով արտահայտելու համար թիվ 103 դպրոցի աշակերտուհիներ Ջուլիետա Սնխչյանին և  Արմինե  Աթոյանին փոխանցեց հուշանվերներ:
Վիրահայոց թեմի առաջնորդարանի, պաշտոնեության և խաչի կնքահոր կողմից բոլոր երեխաներին հյուրասիրեցին պաղպաղակով և քաղցրավենիքով ու բաժանվեց մանկական «Աստվածաշունչ»:
Օրը տոնական  էր նաև Վիրահայոց թեմի Բաթումի «Ալեքսանդր Մանթաշյանց» կենտրոնում: Կենտրոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանի և ուսուցիչների ջանքերով կազմակերպված ուրախ երգի, պարի, տարբեր խաղերի և  անակնկալների և նվերների  արդյունքում  կենտրոնի բոլոր սաների համար հունիսի մեկը դարձավ  հագեցած և անմոռանալի:
 Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում, օրհնությամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի,  օրվան նվիրված միջոցառումն ընթացավ ՝ հակահամակարգչային հունիսի 1 կարգախոսով:  
Փոքրիկներին ուրախացնելու համար, Ջավախքին աջակցության հիմնադրամի հովանավորությամբ, Երևանից ժամանել էր խաղվար: Վերջինս կազմակերպեց բազմաթիվ խաղ-մրցույթներ, այդ թվում նաև բակային խաղեր, որոնց հաղթողները  ընդհանուր առաջնորդական փոխանորդության և Արայ խանութների ցանցի Ախալքալաքի մասնաճյուղի կողմից ստացան նվերներ: Միջոցառումն ուղեկցվում էր մանկական երգ ու պարով: Երեխաներին այցելեցին հեքիաթի հերոսները՝ իրենց հետ բերելով փուչիկներ: Միջոցառման ընթացքում նկարներով պատվեցին երեխաների դեմքերը: «Ապագայի տունը» տնօրեն Սաթենիկ Մահտեսյանի ու  ուսուցչուհի Նանուլի Ունանյանի նախաձեռնությամբ ներկայացրեց փոքրիկ միջոցառում, որի ընթացքում աշխարհի տարբեր երկրների ներկայացուցիչների տարազներով երեխաները հանդես եկան խաղաղության կոչով։ Տոնական օրն ավարտվեց  պաղպաղակի հյուրասիրությամբ։
Երեխաների օրը Վիրահայոց թեմում ընթացավ ուրախ, զվարճալի  և գունեղ:

1 2 3 4 

5 7 8 9 

10 11 12 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)