Ամանորյա նվեր շահումյանցի երեխաներին |
Լուրեր |
2017 թվականի դեկտոմբերի 24 ին, Վիրահայոց թեմի Շահումյանի Ս.Աստվածածին եկեղեցում կիրակնօրյա Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Քվեմո Քարթլիի տարածաշրջանի Թեթրի Ծղարոյի և Բոլնիսի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Հուսիկ քահանա Հարությունյանը: Հավարտ Սուրբ Պատարագի տեղի հոգևոր հովիվը փոխանցեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությունը, հավատացյալներին հղած շնորհավորանքներն ու բարի մաղթանքները: Տեր Հուսիկ քահանան շնորհավորելով գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, նաև հաղորդեց տեղի բարերարների կողմից կազմակերպված նվիրատվության մասին, որը տոնական տրամադրություն ստեղծեց հատկապես երեխաների շրջանում: Ուրախալի է, որ Սուրբ Աստվածածին եկեղեցում տարեցտարի նկատվում է հավատացյալների ակտիվացում, գրեթե բոլոր եկեղեցական արարողությունների ժամանակ երեխաների ներկայությունը, որը գրավականն է նրանց քրիստոնեական ոգով հոգևոր դաստիարակության: Տեղի հավատացյալների կողմից լսվեցին շնորհակալության և երախտագիտության խոսքեր՝ ուղղված տիկին Ասիայի և մյուս կանանց կողմից կազմակերպված նվիրատվության, գոհունակություն թեմակալ առաջնորդի գլխավորությամբ քահանաների անշահախնդիր և անմնացորդ ծառայության համար: Երեխաներին բաժանվեցին ամանորյա նվերները, տոնական տրամադրություն ստեղծելով Սուրբ Աստվածածին եկեղեցում: Երեխաները ստացած նվերներով ուրախ-ուրախ վերադարձան իրենց տները: |