1

fb you od

Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի Ամանորյա և Սուրբծննդյան շնորհավորանքը PDF Տպել Էլ.փոստ
Լուրեր

a1Սիրելի քույրեր և եղբայրներ,

Շնորհավորում եմ բոլորիդ Նոր տարվա և Սուրբ Ծննդյան գեղեցիկ տոների առիթով:

Մաղթում եմ, որ Ամենաբարձրյալ Աստված Մարդացյալ իր Որդու միջոցով, բոլորիս ընտանիքներին բերի սեր, խաղաղություն և բարություն, որ յուրաքանչյուրս մեր տան մեջ, մեր ընտանիքում դարձնենք ամեն ինչ Բեթղեհեմյան մսուրի պես, որ Հիսուս վերածնվի մեր տան մեջ, մեր սրտի ու մեր հոգու մեջ ու մենք դառնանք նոր Բեթղեհեմ:

Մինչև Հիսուս չծնվի մեր ներսում, մինչև մենք չվերածնվի հոգով, չենք կարողանա զգալ Աստծու ծննդյան ամբողջական խորհուրդը, որովհետև մարդը ապրելով Աստծով և իր մեջ ունենալով Աստծուն, պետք է զգա նրան: Եվ ահավասիկ Սուրբծննդյան տոնակատարությունը մեզ ուղղորդում է ապրել այդ ամբողջը :

Այս ամենը քրիստոնեական Ավետարանական մեր հասկացողությամբ նաև հաշվետվության պահ է. «Տուր քո տնտեսության հաշիվը»,- ասվում է Ավետարանւմ: Յուրաքանչյուր մարդ ինքը մի տնտեսություն է իր ապրած կյանքով, իր ստանձնած պարտավորություններով ոչ միայն իր, իր ընտանիքի, այլ նաև հասարակության ու հանրության առջև:

Հաշվետվության մեջ հարկավոր է նաև տեսնել, թե որքան բարի գործեր ենք կատարել, որքան ենք կարողացել մարդկանց օգտակար լինել, ինչքան ենք աղոթել, ինչքան ենք կարդացել Ավետարան, ապրել ենք Աստծու հետ, թե՞ հեռացել ենք:

Այս ամբողջը խորհելու և մտածելու տեղիք է տալիս Նոր տարվա և Սուրբ Ծննդյան այս հրաշալի ընթացքը:

Հարկավոր է անդրադառնալ և ասել, որ անցնող 2017 թվականին բոլորս միասին ունեցանք շատ հաջողություններ, գուցե եղան նաև բացթողումներ: Բայց այս ամբողջը չի խանգարում, որ մենք ճիշտ ընթացքով շարժվենք:

Վրաստանում ապրող հայությունը ունի առաքելություն, պատմական առաքելություն՝ պահպանելու այն ժառանգությունը հոգևոր, որ ստացել ենք մեր հայրերից, տեր կանգնելու մեր կրթական, մշակութային հաստատություններին և, Աստծուն փառք, հոգևոր սպասավորների, պաշտոնեության, մեր սիրասուն զավակների աջակցությամբ այդ ամբողջը իրականություն է դառնում:

Անելիքները շատ են. ավանդաբար այս երկրում, վրաց աշխարհում մենք երեք հազար տարի ի վեր ապրում ենք: Վրաց ժողովրդի հետ միասին արարել ենք շատ բաներ և դեռ իրար հետ ճամփա ունենք գնալու և այդ ճանապարհին հարկավոր է լինել միշտ պատրաստ: Եվ այդ պատրաստությունը պետք է լինի մեր կրթությամբ, դաստիարակությամբ, մեր՝ ավելի լավ քաղաքացիներ լինելով, մեր Եկեղեցու և մեր ինքնության նկատմամբ դրսևորած մեր պարտավորություններով:

Այս խորին ու գեղեցիկ պահին շնորհավորում եմ բոլորին և մաղթում.

Բարձրյալն Աստված, առատ շնորհներ հղի մեզ վրա, որ մենք խորագետ և իմաստուն կերպով վարենք մեր կյանքը, լինենք հանդուրժող, սիրող, ներողամիտ, մարդկային, որպեսզի քրիստոնեական մեր շունչը թևածի աշխարհով մեկ:

Ինչպես Ավետարանում է ասում Հիսուս՝ «Սիրեք միմյանց, որպեսզի իմանամ, որ Դուք իմ աշակերտներն եք»: Նույն պատգամը տալիս եմ մեր ժողովրդին ասելով՝ «Սիրեք միմյանց, հարգեք, որպեսզի տեսնեն ու ասեն՝ սրանք հայ Եկեղեցու զավակներ են»:

Աստված օրհնի և թող զորացնի մեզ բոլորիս: Շնորհավոր Նոր տարի և Գալիք Սուրբ Ծնունդ: Ամեն:

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)