Լուրեր
|
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմում Սուրբ Աստվածամոր Ավետման տոնը նշանավորվեց Սուրբ Պատարագների մատուցմամբ և մշակութային միջոցառումներով: 2018 թվականի ապրիլի 7-ին տոնական տրամադրություն էր տիրում Նինոծմինդայի շրջանի Մամզարա գյուղում: Գյուղի հասարակությունը հավաքվել էր տեղի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում, որտեղ Պատարագիչն էր Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Պատարագին Ախալքալաքի ուխտավորների հետ միասին ժամանել էր Ախալքալաքի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը: Վիրահայոց թեմի Նինոծմինդայի Սուրբ Սարգիս եկեղեցու և հարակից գյուղերի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանը հավուր պատշաճի էր պատրաստվել օրվա Պատարագին: Հընթացս Սուրբ Պատարագի, թեմակալ առաջնորդը շնորհավորեց հավատացյալներին Աստվածամոր Ավետման տոնի առիթով, խոսեց Աստվածամոր տոների և Հայ Եկեղեցում Սուրբ Մարիամի խորհրդի մասին և շնորհավորեց եկեղեցում գտնվող բոլոր մայրերին ու քույրերին Ավետման և մայրության տոների առիթով: Մամզարայի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում Սուրբ Պատարագից հետո Ախալքալաքի փոխառաջնորդարանի մշակույթի կենտրոնի «Ջավախքի ձայներ» երգչախումբը, խմբավար Գայանե Աղաջանյանի, գեղեցիկ անակնկալ մատուցեց եկեղեցու բակում հավաքված հասարակությանը: Երգչախումբը նրանց համար կատարեց ժողովրդական երգեր և օրը դարձրեց առավել հանդիսավոր և հիրավի տոնական: Սբ. Պատարագի ավարտին եկեղեցու կնքահոր կողմից Պատարագին մասնակցող կանանց ու աղջիկներին բաժանվեցին ծաղիկներ: Այդ օրը Ախալքալաքի շրջանի Մերենիա գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում հոգևոր հովիվ Տեր Թադեոս քահանա Տեր-Մկրտչյանի ձեռամբ մատուցվեց տոնական Սուրբ Պատարագ: Ախալցիխեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր տեսուչ հոգեշնորհ Տեր Հակոբ աբեղա Սահակյանը Սրբազան Պատարագ մատուցեց Ախալցիխեի շրջանի Ղուլալիս գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում: Սուրբ Աստվածամոր Ավետման տոնի առիթով Սրբազան պատարագներ մատուցվեցին Վիրահայոց թեմի Բաթումի Սուրբ Փրկիչ և Թբիլիսիի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցիներում, տոնական միջոցառումներ կազմակերպվեցին և մայրերին ու մայրության բերկրանքին սպասող կանանց ու աղջիկների տոնը շնորհավորեցին ու ծաղիկներ նվիրեցին Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում և Նինոծմինդայի «Ռաֆայել Ջավախ» ու «Հայարտուն» կրթա-մշակութային և երիտասարդական կենտրոններում:
|