Լուրեր
|
2019 թվականի հունվարի 6-ն, Սուրբ Ծննդյան տոնի պարգևած տոնական տրամադրությունը հիրավի շարունակվեց Վիրահայոց թեմի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնում, որտեղ կայացավ շնորհաշատ դաշնակահար Մամիկոն Նահապետովի մենահամերգը: Այն դարձավ նաև Մեծն Թումանյանի և Կոմիտաս վարդապետի պանծալի հոբելյաններին նվիրված միջոցառումների յուրատեսակ մեկնարկ: Դահլիճը լեփ-լեցուն էր հանդիսատեսով, մթնոլորտը՝ տոնական: Մամիկոն Նահապետովի դաշնամուրային կատարումները ունկնդրելու էին եկել, նրան ճանաչողներն ու գնահատողները, հոգևոր դասը, ուսուցիչներն ու ծնողները: Իր օրհնաբեր ներկայությունն էր բերել Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Վազգեն եպս. Միրզախանյանը: Ներկայումս Գերմանիայում գտնվող երիտասարդ տաղանդավոր դաշնակահարի կատարմամբ հնչեցին Բեթհովենի, Բախի, Շոպենի, Բրամսի, Ռախմանինովի և այլոց ստեղծագործություններից նմուշներ, որոնք ընթացան ներկաների ջերմ ծափահարություններով և օվացիաներով: Երիտասարդ դաշնակահարի վարպետ կատարումներից հիացմունքի իր խոսքն ասաց Վանո Սարաջիշվիլիի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Էռնստ Առաքելովը: Իր օրհնությունը և գնահատանքը հղեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Սրբազան հայրը արժևորեց երիտասարդ դաշնակահարի սերը և նվիրումը իր սիրելի քաղաքին ու նրա բնակիչներին, կարևորեց Մամիկոն Նահապետովի համերգը Թումանյանի տանը և տեղեկացրեց Հովհաննես Թումանյանի և Կոմիտաս վարդապետի 150-ամյակներին նվիրված հոբելյանական միջոցառումներին թբիլիսահայ համայնքի շնորհաշատ երաժիշտներ՝ Մամիկոն Նահապետովի և Համբարձում Հովհաննիսյանի մասնակցությունը: Սրբազան Հայրը հաջողություններ մաղթեց երիտասարդ դաշնակահարին: Մենահամերգը անջնջելի տպավորություն թողեց ներկաների վրա:
|