2019 թվականի մարտի 3-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցով նշվեց Բուն Բարեկենդանը: Մեծ Պահքին նախորդող օրը Վիրահայոց Թեմի գործող եկեղեցիներում նշանավորվեց Սուրբ և Անմահ Պատարագով: Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում Սբ. Պատարագը մատուցվեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հանդիսապետությամբ: Հավարտ Սրբազան արարողության, թեմակալ առաջնորդը ներկաներին շնորհավորեց Բուն Բարեկենդենի տոնի առիթով, մաղթեց հոգով և մարմնով ամրապնդված անցնել Մեծ Պահքի ճանապարհը: Վազգեն Սրբազանը օրհնության և գնահատանքի խոսքեր ուղղեց արժ. Տեր Մանուկ քահանա Զեյնալյանին, ով ծառայության է փոխադրվում ՀՀ զինված ուժեր և մաղթեց նրան նվիրական հոգևոր ծառայություն հայոց բանակում: Ի հիշատակ Վրաստանում իրականացրած ծառայության տարիների, թեմակալ առաջնորդը Տեր Մանուկ քահանային նվիրեց թբիլիսյան պատկերով գեղանկար: Բուն Բարեկեդանին էր նվիրված նաև ավանդական հարիսայի փառատոնը, որը Վիրահայոց թեմի առաջնորդարանի աջակցությամբ կազմակերպել էր Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միությունը Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում: Թբիլիսահայ համայնքում գեղեցիկ այս փառատոնը անց է կացվում 2012 թվականից անընդմեջ, տարեցտարի ընդարձակվելով այն վերածվել է ժողովրդական տոնահանդեսի: Կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահի երկայնքով շարված յուղալի և համեղ հարիսայով երեսուն կաթսաներն ու կավե կճուճները գեղեցկացնում էին հայ տիկնայք: Իրենց պատրաստած հարիսայով էին ներկայացել Վրաստանում ՀՀ դեսպանությունը, «Մայիսբար» ռեստորանը, «Հայարտուն» կենտրոնի «Սբ. Մովսես Խորենացի» նախակրթարանը, մեկօրյա դպրոցների սաները, «Սբ. Ներսես Շնորհալի» երգչախումբը, «Տարոն» պարային համույթը, դհոլի և դուդուկի խմբերը, Թեմի երիտասարդական բաժինը, «Շուշանիկ» միության անդամները, բազում կամավորներ: Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը շնորհավորեց հայ տիկնանց՝ Վրաստանում նշվող Մայրության օրվա կապակցությամբ, Վրաստանում ՀՀ արտակարգ և լիզոր դեսպան Ռուբեն Սադոյանին՝ դիվանագետի օրվա առիթով, օրհնեց հարիսայով կաթսաները և ներկաներին հրավիրեց համտեսելու համեղ ճաշատեսակը: Դահլիճում տարածվեց ուրախ երգն ու երաժշտությունը: Օրհնված հարիսա փոխանցվեց նաև հիվանդներին և տարեցներին: Բուն բարեկենդանի տոնակատարությանը ներկա էին Իսանի շրջանային վարչության նախագահ Կախա Լաբուչիձեն, տեղակալ Գիորգի Ռչեուլիշվիլին, շրջանային վարչության աշխատակիցներ, քաղաքի Սակրեբուլոյի ազգային փոքրամասնությունների բաժնի ղեկավար Ռիտա Խիդիրբեգաշվիլին, լյութերական եկեղեցու ներկայացուցիչներ, Վրաստանի հայերի միության նախագահ Հենրիխ Մուրադյանը, Պ.Ադամյանի անվան հայպետդրամայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը, բազմաթիվ հյուրեր և հավատացյալներ: Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միությունը շնորհակալություն է հայտնում Վիրահայոց թեմի առաջնորդին, «Արմենիա» խանութին, անհատ բարերարներին և բոլոր մասնակիցներին միջոցառման իրականացմանը ցուցաբերած աջակցության համար:
|