Թբիլիսիի «Հայարտուն» մշակույթի կենտրոնը նշեց մայրության եւ գեղեցկության տոնը |
Ավետումը, որը նաեւ մայրության եւ գեղեցկության տոնն է, յուրովի նշանավորվեց Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնում: Խորհրդանշական էր, որ հատկապես ապրիլի 7-ին տեղի ունեցավ «Հայարտուն» մշակույթի կենտրոնի «Սուրբ Ներսես Շնորհալի» երգի եւ երաժշտական գործիքների համույթի պատանեկան երգչախմբի անդրանիկ համերգը, դառնալով զավակների յուրատեսակ շնորհավորանքը՝ ուղղված բոլոր մայրերին: Համույթը տոնական համերգին ներկայացավ մեկ տասնյակից ավելի խմբային եւ մեներգային կատարումներով: Սուրբ Ներսես Շնորհալու անունը կրող պատանեկան համույթը ստեղծվել է Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի
օրհնությամբ եւ կենտրոնի մշակույթի բաժնի պատասխանատու Լեւոն Չիդիլյանի եւ երաժշտական մասի ղեկավար Պավել Օգանեզովի ջանքերով: Համույթը, ուր ընդգրկված են 7-ից 13 տարեկան հասակի Թբիլիսիի տարբեր դպրոցների սովորողներ, ունի ընդամենը մի քանի ամսվա պատմություն: Վաստակաշատ խմբավար Մարի Աբուլյանի անբասիր աշխատանքի շնորհիվ, համույթի անդամները հանդիսատեսին ներկայացան հայկական ժողովրդական, հայրենասիրական, էստրադային եւ մանկական երգերի փայլուն կատարումներով: Առանձնապես տպավորիչ էր բոլոր երեխաների համար այնքան սիրելի Մարտին Յորգանցի «Ճկուտիկ» երգը, որ հնչեց կրտսեր կատարողներ Լիլիթ Մանուսաջյանի, Քրիստինե Ղազարյանի եւ Ալբինա Օգանեզովայի գեղեցիկ կատարմամբ: Հանդիսատեսի ջերմ արձագանքին արժանացան նաեւ համույթի մենակատարներ Դիանա Մովսիսյանի, Անի Հովհաննիսյանի, Էռնեստ Սիմոնյանի, Նիկա Ղազարյանի՝ «Այբ բեն գիմ», «Հայաստան, իմ չքնաղ», «Մասիսն է իմ լեռը» երգերի կատարումները, իսկ «Հայերեն երգենքը» դարձավ համույթի անդամների յուրօրինակ երդումը հայ երգին եւ հայաշունչ ոգուն: Համերգի վերջում հավաքվածներին օրհնության եւ գնահատանքի խոսքով դիմեց Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Գոհունակություն հայտնելով պատանիներին գեղեցիկ համերգի համար, նա հորդորեց ընդարձակել երգացանկը, ընդգրկելով նաեւ հայկական հոգեւոր երգեր եւ դասական երաժշտության նմուշներ: Սրբազան հայրը ներկաներին շնորհավորեց Սուրբ Ավետման եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առիթով: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի «Սուրբ Ներսես Շնորհալու» անունը կրող պատանեկան համույթի հաջորդ համերգն ավելի ընդարձակ ծրագրով կկայանա հունիսի մեկին եւ կնվիրվի Երեխաների պաշտպանության միջազգային օրվան: |