1

fb you od

Թբիլիսիի «Հայարտուն» մշակույթի կենտրոնը նշեց մայրության եւ գեղեցկության տոնը PDF Տպել Էլ.փոստ

Shnorhali-2

Ավետումը, որը   նաեւ մայրության եւ գեղեցկության տոնն է, յուրովի նշանավորվեց Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնում: Խորհրդանշական էր, որ հատկապես ապրիլի 7-ին տեղի ունեցավ «Հայարտուն» մշակույթի կենտրոնի «Սուրբ Ներսես Շնորհալի» երգի եւ երաժշտական գործիքների համույթի պատանեկան երգչախմբի անդրանիկ համերգը, դառնալով զավակների յուրատեսակ շնորհավորանքը՝ ուղղված բոլոր մայրերին:   Համույթը տոնական համերգին ներկայացավ   մեկ տասնյակից ավելի խմբային եւ մեներգային կատարումներով:  

Սուրբ Ներսես Շնորհալու անունը կրող պատանեկան համույթը ստեղծվել է Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի

Shnorhali

օրհնությամբ եւ կենտրոնի մշակույթի բաժնի պատասխանատու   Լեւոն Չիդիլյանի եւ երաժշտական մասի ղեկավար Պավել Օգանեզովի ջանքերով: Համույթը, ուր ընդգրկված են 7-ից 13 տարեկան հասակի Թբիլիսիի տարբեր դպրոցների սովորողներ, ունի ընդամենը մի քանի ամսվա պատմություն:  

Վաստակաշատ խմբավար   Մարի Աբուլյանի անբասիր   աշխատանքի շնորհիվ,   համույթի անդամները հանդիսատեսին ներկայացան հայկական ժողովրդական, հայրենասիրական, էստրադային եւ մանկական երգերի փայլուն կատարումներով: Առանձնապես տպավորիչ էր բոլոր երեխաների համար այնքան սիրելի Մարտին Յորգանցի «Ճկուտիկ» երգը, որ հնչեց   կրտսեր կատարողներ Լիլիթ Մանուսաջյանի, Քրիստինե Ղազարյանի եւ Ալբինա Օգանեզովայի գեղեցիկ կատարմամբ:

Հանդիսատեսի ջերմ արձագանքին արժանացան նաեւ համույթի մենակատարներ   Դիանա Մովսիսյանի, Անի Հովհաննիսյանի, Էռնեստ Սիմոնյանի, Նիկա Ղազարյանի՝   «Այբ բեն գիմ», «Հայաստան, իմ չքնաղ», «Մասիսն է իմ լեռը» երգերի կատարումները,   իսկ «Հայերեն երգենքը» դարձավ համույթի անդամների յուրօրինակ երդումը հայ երգին եւ հայաշունչ   ոգուն:

Համերգի վերջում հավաքվածներին   օրհնության եւ գնահատանքի խոսքով դիմեց   Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Գոհունակություն   հայտնելով պատանիներին գեղեցիկ համերգի համար, նա   հորդորեց ընդարձակել երգացանկը, ընդգրկելով նաեւ հայկական հոգեւոր երգեր եւ դասական երաժշտության նմուշներ: Սրբազան հայրը ներկաներին շնորհավորեց   Սուրբ Ավետման եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առիթով:

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի «Սուրբ Ներսես Շնորհալու» անունը կրող պատանեկան համույթի հաջորդ համերգն   ավելի ընդարձակ ծրագրով կկայանա հունիսի մեկին եւ կնվիրվի Երեխաների պաշտպանության միջազգային օրվան: