Կայացել է Աջարիայի հայ համայնքի 2012թ. ամփոփիչ միջոցառումը |
Կայացել է Աջարիայի հայ համայնքի 2012թ. ամփոփիչ միջոցառումը ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Դավիթ Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 16-ին Բաթումում մասնակցել է Աջարիայի հայ համայնքի տարեվերջյան ամփոփիչ միջոցառմանը: Համայնքի շուրջ 150 անդամների միավորող հանդիսավոր միջոցառմանը մասնակցում էին նաև Աջարիայի ինքնավար Հանրապետության կառավարության ղեկավար Արչիլ Խաբաձեն, Աջարիայի կառավարության և գերագույն խորհրդի անդամներ, ինչպես նաև Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, Աջարիայի, Գուրիայի և Իմերեթիայի հայության հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը, Ջավախքի առաջնորդական փոխանորդ Հայր Բաբկեն ծ.վրդ. Սալբիյանը: Միջոցառման մասնակիցներին ողջունել է ՀՀ սփյուռքի փոխնախարար Դավիթ Կարապետյանը՝ նշելով, որ սփյուռքի նախարարությունը այսուհետ ևս իր կրթական և մշակութային աջակցության ծրագրերով լինելու է Աջարիայի հայ համայնքի կողքին՝ աջակցելով հայապահպանության և համայնքի զարգացման ամենօրյա աշխատանքներին: Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Աջարիայի կառավարության ղեկավար Արչիլ Խաբաձեն և շնորհակալություն հայտնել Աջարիայի հայ համայնքին ստեղծագործ աշխատանքի համար: Միջոցառման մասնակիցներին ողջունել է նաև Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը: Աջարիայի հայ համայնքի տարեվերջյան հավաքի կազմակերպիչ Տեր Արարատ քահանա Գումբալյանը իր ելույթում նշել է, որ Աջարիայում հայերի համայնքային կյանքի կազմակերպումն այսօր նոր մակարդակի է բարձրացել, որը դառնալու է համայնքի կրթական, մշակութային և հոգևոր խնդիրների լուծման գրավականը: |