Պարույր Մուրադյանին նվիրված հիշատակի երեկո Թբիլիսիում |
Հայտնի պատմաբան, մեծ գիտնական, քարթվելոլոգ Պարույր Մուրադյանի հիշատակին նվիրված երեկո կայացավ դեկտեմբերի 8-ին, Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում: Մեծ գիտնականը, որ թե' ընտանեկան թելերով և թե' գիտական գործունեությամբ կապված էր ծննդավայր Վրաստանի հետ, պատմական բոլոր հարցերին մոտենում էր երկու դրկից ժողովուրդների միասնության և փոխադարձ կապվածության գաղափարներից: Մուրադյան գիտնականը գտնում էր, որ ամեն հարց ունի պատմական-գիտական բացատրություն և երբեք չէր հենվում զգացմունքների վրա: Հիշատակի երեկոն կազմակերպել էին Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնը և Վրաստանի հայ մտավորականների միությունը: Միջոցառմանը ներկա էին Վիրահայոց Թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանի նախագահի խորհրդական, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, բանաստեղծ-թարգմանիչ Գիվի Շահնազարը, Վրաստանում ՀՀ դեսպանության խորհրդական Լևոն Թորգոմյանը, գիտականներ, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, մտավորականներ, հասարակայնության ներկայացուցիչներ: Հուշ երեկոյին մասնակցելու համար հատուկ Երևանից ժամանել էին վաստակաշատ գիտնականի ընտանիքի անդամները՝ որդին՝ Կարեն Մուրադյանը և այրին, ով, ցավոք, առողջական խնդիրների պատճառով, չկարողացավ ներկա գտնվել ցանկալի միջոցառմանը: Մինչև միջոցառման սկսվելը ցուցադրվեց անվանի գիտնականի տարբեր թեմաներով, տարբեր ժամանակներ տրված հարցազրույցների ծաղկաքաղ տեսագրությունը, որը ներկաներին ըմբռնելի դարձրեց մեծ գիտնականի աշխարհընկալումը, գաղափարական մեկնաբանություններն ու տարբեր հարցերի նկատմամբ ճշմարտացի տեսակետները: Վրաստանի հայ մտավորականների միության Թբիլիսյան կազմակերպության նախագահ, պատմաբան Ենոք Թադևոսյանը խոսեց Մուրադյան գիտնականի այն մեծ վաստակի մասին, որը ներդրվել է մագաղաթյա մատյանները, սեպագիր արձանագրությունները ճիշտ վերծանելու, պատմական տարբեր խնդիրները մեկնաբանելու գործում: Բանախոսը այդ առթիվ հիշատակեց հայագետ Զազա Ալեքսիձեի խոսքերն այն մասին, որ Պարույր Մուրադյանի ասածի մեջ միշտ հնչում էր ճշմարտության ձայնը: Հոր հիշատակը հարգելու և մեծարելու կապակցությամբ իր երախտագիտությունը հայտնեց Պարույր Մուրադյանի որդին, ում վիրահայ հասարակայնությունը հիշում է դեռևս Վրաստանում ՀՀ դեսպանության ռազմական հարցերով կցորդի պաշտոնում աշխատելու տարիներից: Վերջինս խոսելով իր ընտանիքի և Վրաստան երկրի հետ կապերի մասին, հիշեց հոր գաղափարների հիմնաքարը՝ վրացի և հայ ժողովուրդների դարավոր բարեկամությանը և պատմականորեն միահյուսված խնդիրներին նրբանկատ և զգույշ մոտենալու խորհուրդը: Մուրադյան կրտսերը հիշատակեց հոր առանձնահատուկ հարգալից վերաբերմունքը իր գիտնական ուսուցիչների՝ Կորնելի Կեկելիձեի, Լևոն Խաչիկյանի, Մելիքսեթ-Բեկի, Սուրեն Երեմյանի հիշատակին և հոր ափսոսանքը, որ չի կարողացել հրատարակել այդ մեծերի թողած բոլոր գիտական ուսումնասիրությունները: Օրհնության և գնահատանքի իր խոսքում Վիրահայոց Թեմի Առաջնորդը արժևորեց մեծ գիտնականի վաստակը, ով հենվելով պատմական նյութերի վրա, միշտ էլ տալիս էր դրանց ճշմարտացի գնահատականը և այդ պատճառով նրա խոսքն ու գործը ուներ ծանրակշիռ արժեք: Նա Պարույր Մուրադյանի գրքերը , հատկապես Թբիլիսիի հայկական եկեղեցիների, և ընդհանրապես հայ վրացական հարաբերությունների մասին, համեմատեց սուրբ նշխարքի հետ: «Սակայն չի կարելի գոհանալ միայն անցյալի փառքով, հարկավոր է մեծերի կողքին գնահատել նաև ներկան, որը պահպանելու և սերունդներին փոխանցելու ճիշտ ճանապարհը սովորեցնում էր հայազգի գիտնականը, հավելեց Թեմակալ Առաջնորդը»: Հուշ-երեկոն իրենց նվագակցություններով գեղեցկացրին ջութակահարուհիներ Ելենա Շաշիաշվիլին և Մարինա Կիրակոզովան ու դաշնակահար Կարեն Միրզոյանը: |