Վիրահայոց թեմի երգի և պարի համույթները մասնակցեցին «Թբիլիսոբա» տոնահանդեսին |
Վրաստանի գեղատեսիլ մայրաքաղաքին նվիրված «Թբիլիսոբա» տոնը այս տարի նշանավորվեց հոկտեմբերի 4-ից 6-ը ներառյալ: Բազմազգ քաղաքի ավանդական տոնը նրա բոլոր բնակիչների համընդհանուր ուրախությունն է և սիրո արտահայտությունը Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնը (համակարգող՝ Լևոն Չիդիլյան, գեղարվեստական ղեկավար՝ Պավել Օգանեզով) «Թբիլիսսոբային» մասնակցելու առաջարկություն ստացել էր քաղաքապետարանի ռեժիսոր և միջոցառման կազմակերպիչ Զուրաբ Գուգուշվիլիից և համերգային ծրագրին ընդգրկել կենտրոնի երգի, պարի համույթները և անհատ կատարողի: Տոնահանդեսին «Հայարտուն» կենտրոնի «Ներսես Շնորհալի» պատանեկան երգչախումբը, խմբավար Մարա Աբուլյանի գլխավորությամբ, հանդես եկավ երկու երգի կատարմամբ: Դրանք են Թբիլիսիում երկար տարիներ իր ստեղծագործական ուղին հարթած տաղանդավոր երգահան Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայի «Ամպի տակից» երգի և Ռևազ Լաղիձեի « Թբիլիսո» երգի վրացերեն և հայերեն կատարումները: Միջոցառման ղեկավարության կողմից առանձնապես բարձր գնահատվեց վերջինիս կատարումը: Մայրաքաղաքի օրհներգ հռչակված «Թբիլիսո» երգը տոնակատարության ընթացքում առաջինը կատարվեց պատանեկան երգչախմբի կողմից: Հանդիսատեսի ջերմ ընդունելությանն արժանացան Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի «Ջեյրան» և «Մուշ» պարային համույթների ներկայացրած «Կռունկներ» «Տավիղ» և «Հայ, հայ» պարերը (պարուսույց՝ Սվետլանա Երիցյան) և անհատ կատարող Անի Ղուշչյանի՝ Սայաթ-Նովայի «Դուն էն հուրին իս» երգի գեղեցիկ կատարումը: Չնայած ցուրտ և վատ եղանակին, «Թբիլիսոբա» տոնը շարունակվեց մինչև ուշ գիշեր:
|