Ջիգրաշենում նշվեց Սբ. Հրեշտակապետաց եկեղեցու վերաօծման միամյակը |
Նոյեմբերի 10-ին Նինոծմինդայի շրջանի Ջիգրաշեն համայնքում իշխում էր տոնական տրամադրությունը: Գյուղը նշում էր բազում տարիներ առաջ ավերված, սակայն անցյալ տարի վերակառուցված և վերաօծված Սբ. Հրեշտակապետաց անունը կրող եկեղեցու միամյակը: Օրվա պատարագիչը տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանն էր: Պատարագին ներկա էր Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Բաբգէն վարդապետ Սալբիյանը, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, հավատացյալներ և ուխտավորներ՝ շրջանի տարբեր հայկական գյուղերից: Ուղիղ մեկ տարի առաջ Քսպոյան եղբայրների բարերարությամբ վերակառուցվել էր գյուղի Հրեշտակապետաց եկեղեցին և Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ձեռամբ, Ջավախքի փոխանորդ Բաբգէն վարդապետ Սալբիյանի հանդիսապետությամ Ջավախքի առաջնորդական փոխանորդի և Նինոծմինդայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Արմաշ քահանայի գլխավորությամբ բազում հավատացյալներ ու ուխտավորներ եկել էին մասնակցնելու Սբ. և Անմահ Պատարագին: «Այս համայնքներում տեսնում ենք մշակութային և հոգևոր կյանքի սակավություն: Ժամանակները փոխվել են և հիմա գյուղի նվիրյալները ամեն ինչ անում են, որ եկեղեցին կանգուն և հավատացյալներով լի լինի»,- նշեց Ջավախքի փոխառաջնորդը: Բաբգէն վարդապետ Սալբիլյանն իր օրհնությունն ու բարեմաղթանքը բերեց և բարձր գնահատեց Արսեն, Արարատ և Արմեն Քսպոյան եղբայրների ազգանվեր ու բարի գործը: Եվ առ ի գնահատանք նրանց կատարած աշխատանքի Ջիգրաշենի Հերշտակապետաց եկեղեցու բարերար Արսեն Քսպոյանին նվիրաբերեց Գրիգոր Նարեկացու «Մատյան Ողբերգությունը» և սրբապատկեր: Նինոծմինդայի մշակույթի պարային ու երաժշտական խմբերը գյուղի մշակույթի տանը հանդես եկան համերգային ծրագրով: Հնչեցին հայրենասիրական երգեր, որոնք ուղեկցվեցին հայկական ազգային պարային կատարումներով: Ջավախքի ընդհանուր Առաջնորդական փոխանորդության մամլո դիվան
|