1

fb you od

Մանրանկարչական աշխատանքների ցուցահանդես Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում PDF Տպել Էլ.փոստ

1

Նոյեմբերի 17-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ և Վրաստանի հայ նկարիչների միության նախաձեռնությամբ, կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում բացվեց թբիլիսահայ նկարիչներ Մերուժան Շահումյանի և Գոհար Հակոբյանի մանրանկարչական աշխատանքների գեղատեսիլ ցուցահանդեսը: Բացման հանդիսությանը ներկա էին Վիրահայոց թեմի առաջնորդը, հոգևոր հայրերը, վիրահայ հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, արվեստի գործիչներ, մտավորականներ, մանրանկարչական աշխատանքների երկրպագուներ և գնահատողներ:

Բացելով միջոցառումը, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանը ցուցահանդեսի հեղինակներին շնորհավորեց անկրկնելի աշխատանքներ արարելու և հանրությանը ներկայացնելու կապակցությամբ: Վրաստանի հայ նկարիչների միության նախագահ Մերուժան Շահումյանն իր ողջույնի խոսքում մանրանկարչությունը գնահատեց որպես Աստծո խոսք՝ ուղղված մարդուն, նաև մարդու աղոթք՝ առ Աստված: Նա ճարտարապետությունը, խաչքարը և մանրանկարչությունը անվանեց այն հրաշագործությունները, որոնք հայ արվեստը տվել է աշխարհին:

Մատենագրությանը փոխարինած մանրանկարչության զարգացման ուղին ներկայացրեց Վրաստանի հայ մտավորականների միության թբիլիսյան կազմակերպության նախագահ Ենոք Թադևոսյանը:

Հայ մանրանկարիչներին ցուցահանդեսի կապակցությամբ եկել էր շնորհավորելու Վրաստանի լեյբորիստական կուսակցության նախագահ Շալվա Նաթելաշվիլին: Բանախոսը մանրանկարչությունը անվանեց քրիստոնեական քաղաքակրթության բարձր մակարդակ, իսկ երկու ժողովուրդների՝ հայերի և վրացիների արվեստների մերձեցումը՝ դեպի բարեկամության ամրապնդում տանող ճշմարտացի ճանապարհ:

Բծախնդրությամբ և մանրակրկիտ աշխատանքով ստեղծված մանրանկարները երևակայական մեծ կարողության և մտածելակերպի արգասիք են բանաստեղծուհի Մարինա Մոսեսովա-Կիրակոսյանի և բժշկուհի Լուարա Աբրահամյանի համար:

Մանրանկարչությունը ժողովրդին դեպի քաղաքակիրթ աշխարհ տանող անձնագիր է և ուղեգիր, քանզի այն գրերի գյուտից հետ ծնված, հազարամյակներ պահպանված ու քաղաքակրթությանը հասած արվեստ է՝ ըստ ցուցահանդեսի հեղինակ Գոհար Հակոբյանի, ով իր երախտագիտությունը հայտնեց ներկաներին իր գործերն ու ստեղծագործական մոտեցումն այդպես բարձր գնահատելու համար:

Հավարտ միջոցառման ներկաներին իր օրհնությունը բաշխեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Գնահատանքի իր խոսքում Թեմակալ առաջնորդը անդրադարձ կատարեց մանրանկարչության հայկական դպրոցներին, հիշատակեց Սարգիս Պիծակի, Թորոս Ռոսլինի անունները,իսկ Մերուժան Շահումյանի և Գոհար Հակոբյանի աշխատանքները անվանեց հիրավի արվեստի գործեր: Վիրահայոց թեմի առաջնորդը նշեց, որ վրացիների և հայերի արվեստը աստվածային է, քանզի ի վերուստ է գալիս որմնանկարչության, մանրանկարչության ընդհանրությունը, իսկ որտեղ գեղեցկություն է ստեղծվում, այնտեղ Աստծո ներկայությունն է, որտեղ Աստծո ներկայությունն է, այնտեղ էլ Եկեղեցին է: Եկեղեցին դա ժողովուրդն է, նրա զավակները, որոնք ստեղծում են նման հրաշալիքներ,- եզրափակեց Սրբազան Հայրը:

Վիրահայոց թեմի առաջնորդի առաջարկությամբ, նոյեմբերի 30-ին Նինոծմինդայի շրջանում Ղարսլյան մշակույթի կենտրոնի բացումը տեղի կունենա այս մանրանկարչական աշխատանքների ցուցահանդեսով: Գոհար Հակոբյանի և Մերուժան Շահումյանի մանրանկարչական աշխատանքների ցուցահանդեսը Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում կշարունակվի մինչև նոյեմբերի 28-ը:

 

IMGP6846 IMGP6852 IMGP6880  

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)