1

fb you od

Երկու գրքի շնորհանդես «Հայարտուն» կենտրոնում PDF Տպել Էլ.փոստ

grqi_shnorhandes

Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ և Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության հովանավորությամբ, լույս տեսան Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության   անդամներ Նինոծմինդայի բնակիչ Հովհաննես Մարիկյանի «Մայրամուտ» բանաստեղծությունների և թբիիսաբնակ լրագրող Սերգեյ Առաքելյանի «Դոկտոր Սանջայ» արձակ գործերի ժողովածուները:

Գրքերի շնորհանդեսը տեղի ունեցավ դեկտեմբերի 8-ին, «Հայարտուն» կենտրոնում, որին ներկա էին Վրաստանի ստեղծագործական միությունների ղեկավարները, Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության անդամները, մտավորականներ, գրականության և մշակույթի ճանաչված դեմքեր, հասարակայնության ներկայացուցիչներ: Շնորհանդեսին մասնակցում էր Նինոծմինդայից հատուկ ժամանած պատվիրակությունը՝ Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ Գևորգ Սնխչյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին շրջանային «Արշալույս» թերթի խմբագիր Մանուկ Կարախանյանը, բանաստեղծ Հովհաննես Մարիկյանը, Համլետ Արոյանը, Հմայակ Գրիգորյանը, Դիվին Քաշանյանը, Արթուր Քուրդօղլյանը:

Միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո այն բացեց Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի պատասխանատու Լևոն Չիդիլյանը:

«Վերնատուն» միության նախագահ Գևորգ Սնխչյանը անդրադարձ կատարեց գրատպության գործում միության ձեռքերումներին և   ներկայացրեց Հովհաննես Մարիկյանին,ով արդեն 7 գրքի հեղինակ է: Վարպետ ստեղծագործողը, թեև բանաստեղծությունների ժողովածուն անվանել է «Մայրամուտ», սակայն այն խոհական-զգացմունքայնության ու   լուսավոր գաղափարների գեղեցիկ արտահայտություն է: Իսկ Սերգեյ Առաքելյանի «Դոկտոր Սանջայ» արձակ գործերի ժողովածուում տպագրված վիպակը հետաքրքիր պատմություն է հնդիկ ժողովրդի սոցիալական ծանր վիճակի մասին:

Բանախոսները՝ հայ-վրացական «Կամուրջ» գրական կապեր հասարակական կազմակերպության նախագահ, բանաստեղծ-թարգմանիչ Անահիտ Բոստանջյանը, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, «Արշալույս« շրջանային թերթի խմբագիր Մանուկ Կարախանյանը արժևորեցին Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի կողմից   տարեկան 2-3 գրքի հրատարակությունը, որի ընտրությունը կատարվում է տարբեր տարիքի հեղինակների ստեղծագործություններից: Ելույթ ունեցողները յուրաքանչյուր նոր գիրք նոր ծնունդ անվանելով, շնորհավորեցին հեղինակներին իրենց ստեղծագործությունները հրատարակված գրքով ընթերցողին ներկայացնելու կապակցությամբ:

Այնուհետև ելույթ ունեցան գրքերի հեղինակները: Հովհաննես Մարիկյանը և Սերգեյ Առաքելյանը գնահատանքի խոսքեր ուղղեցին «Հայարտուն» կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանին, ում ջանքերով լուծվում են հրատարակության հետ կապված հարցերը և իրենց խոնարհումը բերեցին Վիրահայոց թեմի առաջնորդին, ում նվիրական մոտեցմամբ և աջակցությամբ հեղինակներն արժանանում են իրենց ստեղծագործությունների լույս ընծայմանը:

Միջոցառումն ավարտվեց Վիրահայոց Թեմի առաջանորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնության խոսքով: Թեմակալ առաջնորդը գնահատանքի խոսքեր ուղղեց «Վերնատուն» միության նախագահ Գևորգ Սնխչյանին և արժևորեց այն ազգանվեր գործունեությունը, որը իրականացնելու է   Գևորգ Սնխչյանը ստանձնելով Նինոծմինդայում նորերս բացված   «Ռաֆայել Ջավախք Ղարսլյան» կենտրոնի համակարգողի պարտականությունը: Սրբազան Հայրը երախտագիտության խոսքեր ուղղեց Գալուստ Գյուլբենկյան հիմնարկությանը, որը սիրով աջակցում և հովանավորում է Թեմի նախաձեռնությունները: Շնորհավորելով հեղինակներին, Սրբազան Հայրը նշեց, որ Թեմի միջնորդությամբ կրկին շարունակվելու են գրքեր հրատարակվել և շնորհանդեսներ կազմակերպվել:

Վաստակաշատ ուսուցչուհի և «Վերնատուն» միության վարչության անդամ Ռոզա Զոհրաբյանի նախաձեռնությամբ, Թբիլիսիի թիվ 104 և 110 դպրոցների բարձրդասարանցիներ Լիզա Թորոսյանը, Արամ Մելիքյանը, Արամ Մովսիսյանը, Աննա Հարությունյանը ընթերցեցին հատվածներ և բանաստեղծություններ Սերգեյ Առաքելյանի և Հովհաննես Մարիկյանի արձակ և չափածո ժողովածուներից:

Գրքերի շնորհանդեսին քնարական հմայք հաղորդեցին դաշնակահար Եսայի Աբովյանի, մենակատարներ Նինա Կարապետյան-Գեվորկովայի, Հենրիխ Պետրոսյանի, «Վանք» պարային համույթի (պարուսուց՝ Լիանա Կաշավանիձե) ելույթները: Ներկաները ստացան հեղինակի ստորագրությամբ «Մայրամուտ« և «Դոկտոր Սանջայ» գրքերը:

 

grqi_shnorhandes grqi_shnorhandes   sait1

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)