1

fb you od

Ամանորյա և Սուրբ Ծննդյան տոնահանդես «Հայարտուն» կենտրոնում PDF Տպել Էլ.փոստ

 nakhakrdaran

Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահը ձմեռային անտառի տեսք էր ստացել, իսկ Սբ. Մովսես Խորենացու անվան նախակրթարանի սաները իրենց հետաքրքիր արտահագուստով դարձել էին ձմռան ցրտում ապրող անտառի «կենդանիներ»: Ահա այս «անտառում» էլ նախակրթարանի սաները դիմավորելու էին Ձմեռ Պապին, որ գալու էր Ամանորյա շնորհավորանքներով ու նվերներով:

Սբ. Մովսես Խորենացու անվան նախակրթարանի «Ձմեռ» տոնահանդեսը սկսվեց Տերունական աղոթքով և Վիրահայոց թեմի առաջնորդի օրհնությամբ: Դահլիճում տեղեր էին զբաղեցրել «Հայարտուն» կենտրոնի բարերար, ռուսաստանաբնակ Բորիս Սաակովը դստեր՝ Յուլյայի հետ, Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները, թեմի հոգևոր հայրերը, «Հայարտուն» կենտրոնի համակարգողը, ծնողներ, հյուրեր:

Գեղեցիկ հայերենով փոքրիկների ողջույնից հետո սկսվեց ներկայացում- տոնահանդեսը: Դահլիճի զարմանալի ձևավորմանը լրացնում էին «եղևնիների», անտառի «բնակիչների» ուրախ երգը, պարը, գեղեցիկ արտասանությունը: Մկնիկ ճստիկի, աղվեսի ու գայլի, նապաստակների, բրդոտ արջերի ու նրանց քոթոթների և մյուս կենդանիների ցանկությունն էր ձմռան ցուրտ օրերը միասին անցկացնել, հաստատվելով «անտառի խորքում» տեղադրված տնակում, սպասել Ձմեռ պապի ներկայանալուն, որը բերելու էր նոր տարվա բարի լուրը և շատ ու շատ նվերներ:

Թեմի կրթական բաժնի պատասխանատու և նախակրթարանի տնօրեն Եվգենյա Մարկոսյանի նախաձեռնությամբ բարձր ճաշակով ու հարուստ երևակայությամբ կազմակերպված տոնահանդեսին արժանի գնահատական տվեցին բարերար Բորիս Սաակովը, Վրաստանում ՀՀ փոխդեսպան Վահագն Աֆյանը, ընդգծելով, որ ամեն անգամ «Հայարտուն» կենտրոնի, հատկապես նախակրթարանի տոնահանդեսները իրենց կազմակերպվածությամբ, գեղեցիկ ձևավորմամբ և նորույթներով զարմացնում և մեծ բավականություն են պարգևում ներկաներին:

Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, տպավորված մանուկների ելույթներից, կարևորեց դաստիարակչուհիներ Նարինե Ղուշչյանի, Լալա Գևորգյանի, դաշնակահար Հովհաննես Շահնազարյանի, դայակ Լուսինե Պողոսյանի, գեղարվեստական ղեկավար Պավել Օգանեզովի մեծ աշխատանքը և անդուլ ջանքերը, որոնք հանգեցնում են նման գեղեցիկ արդյունքի: Սրբազան Հայրը գնահատանքի խոսքեր ուղղեց ծնողներին, ովքեր քաղաքի տարբեր ծայրամասերից իրենց փոքրիկներին բերում են հայկական այս օջախը նրանց հայեցի դաստիարակելու և հայ մեծացնելու անսասան որոշմամբ:

Վերջում երեխաները ստացան ամանորյա նվերներ, որոնց մասնակցել էր նաև Թեմի վարչա-տնտեսական բաժնի պատասխանատու Կարեն Երիցյանը: Գնահատանքի խոսքեր ուղղվեցին նաև նախակրթարանի ծնողներ Սպարտակ և Գայանե Մկրտչյաններին, որոնց բարերարությամբ տոնահանդեսը դարձել էր գեղեցիկ և լիարժեք:

Ամանորյա տոնահանդեսը «Հայարտուն» կենտրոնում ավարտվեց նախակրթարանի սաների ուրախ երգով ու բարձր տրամադրությամբ:

IMGP8452 IMGP8581  

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)